armenpress.am: Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը նշել է, որ իրենց հայտնի են տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար Թուրքիայի կողմից Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ, սակայն դժվար է ասել, թե որքանով է Թուրքիան ուղիղ ներգրավված ռազմական գործողություններին: Այս մասին Բլոկը նշել է խորհրդարանի պատգամավորների հարցերի ի պատասխան:
«Նիդեռլանդները շատ հավանական է համարում Թուրքիայի ռազմական մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը: Դեռևս դժվար է որոշել այդ մասնակցության ճշգրիտ բնույթը: Բացի այդ, կառավարությանն այժմ հայտնի է, որ Թուրքիան իսկապես մասնակցում է ադրբեջանական կողմում սիրիացի ահաբեկիչների տեղակայմանը: Ընդհանուր առմամբ հայտնի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան սերտ կապեր ունեն, այդ թվում՝ ռազմական համագործակցություն։ Այս համագործակցությունը ներառում է վերջին տարիներին համատեղ զորավարժությունները և ռազմական տեխնիկայի մատակարարումը»,- ասել է նա:
ԱԳ նախարարը նշել է, որ արտաքին միջամտությունը հանգեցնում է հակամարտության սրմանը։
«Հոկտեմբերի 1-ին Նիդերլանդների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նիստը, որում ես դեմ եմ արտահայտվել արտաքին ցանկացած միջամտությանը և կոչ արել ապաէսկալացիայի, կրակի դադարեցման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու»,- նշել է Բլոկը:
comment.count (0)