hetq.am: Ադրբեջանին տարածքներ զիջելու պատճառով արցախյան տարածքներից հակառակորդին է անցել 50 հազար հա հացահատիկի ցանքատարածք (նախնական հաշվարկներով): Թե այս հանգամանքն ինչ ազդեցություն կարող է ունենալ և արդյոք կարող է հանգեցնել պարենային անվտանգության, այս մասին զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանի հետ:
Պատգամավորը ցավով ընդգծում է, որ Հայաստանի տարածքում գտնվող հողատարածքների միայն 54 %-ն է մշակվում, մնացած 46% անմշակ է, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում, և առաջին հերթին` պարենային անվտանգության:
«Սա էքստենսիվ ճանապարհ է, բայց անգամ այս ճանապարհով կարող ենք մեր գյուղատնտեսական արտադրանքի ծավալները երկու անգամ մեծացնել, բայց դրան զուգահեռ անհրաժեշտ է լինելու ոռոգման ջրի հարցում արդյունավետ աշխատել: Որոշ տվյալներով անգամ 80% ջրային կորուստներ են լինում, և եթե կարողանանք կաթիլային ճանապարհով կամ փակ ոռոգման համակարգի անցնենք, կարծում եմ ջրի խնդիր էլ չենք ունենա»,- ասում է պատգամավորը` հավելելով, որ որոշ վայրերում ջրի պատճառով է նաև, որ կան անմշակ հողատարածքներ:
Ըստ քաղաքական մեծամասնության պատգամավորի` երկրորդ խնդիրը ինտենսիվացման խնդիրն է: Հայաստանում գյուղատնտեսության մեջ զբաղված մեկ անձը մոտ 5400 դոլարին համապատասխան արժեք է ստեղծում, Դանիայում` 63 հազար դոլար, Իսրայելում` 94500 դոլար: Սա, ըստ Պապոյանի, պայմանավորված է գյուղատնտեսության մեջ ժամանակից գիտելիքների, տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությամբ: Պապոյանն ասում է` նույնիսկ այս տրամաբանության շրջանակում կան մի խումբ ապրանքներ, որոնք պարենային ապահովության խնդիր չեն առաջացնում, ինչպես` կարտոֆիլ, պտուղ-բանջերեղեն, խաղող, ոչխարի միս, սակայն նույն իրավիճակը չէ հացահատիկի, հատիկաընդեղենի, խոզի, թռչնի մսի հարցում:
«Հետևաբար այս ապրանքների պահանջարկը մենք լրացրել ենք ներմուծման ճանապարհով, բայց էստեղ էլ ունենք զգալի հնարավորություններ: Եթե խոզի միս ինտենսիվ արտադրենք, էժան գին ստանանք, ապա կարելի է ասել, որ վաճառքի մեծ շուկա կա, նույնը հացահատիկի, հատիկաընդեղնեի մասով»,- ասում է Գևորգ Պապոյանը` վկայակոչելով ԵԱՏՄ շուկան, որը մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար:
Պատգամավորը նաև ընդգծում է` հարցի պատասխանը զգայական ու էմոցիոնալ դաշտում չէ, պետք է սառը դատել և խոստովանել, որ հացահատիկի հարցում խնդիրներ ունենալու ենք:
«Միայն ցորենը չէ, կան էլի ապրանքներ, որոնք խնդիրներ են բերելու, բայց պետք է գիտակցենք, որ մեր հողատարածքների կեսը չենք մշակում, որն էլ մշակում ենք էքստենսիվ`ավանդական եղանակով ենք մշակում, ժամանակակից տեխնոլոգիաներ գրեթե չեն կիրառվում, ինչի հետևանքով մեր արտադրողականությունը միջին եվրոպական արտադրանքի համեմատ մոտ տասն անգամ ցածր է»,-ասում է պատգամավորը:
Ըստ նրա` տարածքներում որտեղ ռելիեֆի խնդիր կա, պետք է ինտենսիվ անասնապահության վրա կենտորանանալ, այնտեղ որտեղ հողերի որակը բարձր է, ինչպես`Արարատյան դաշտավայրում, պետությունն անգամ մեկ սմ չմշակված հող թողնելու իրավունք չունի: Ընդ որում` դա պետք է իրականացվի ոչ թե կամ 50-60-ականների գիտելիքներով, այլ գյուղատնտեսությունն ամբողջությամբ վերափոխելով:
Մեր դիտարկմանը, որ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ ցանկանում է վերափոխել գյուղատնտեսության մոդելը, դարձնել ֆերմերային, որպեսզի գյուղերում գյուղացիներն այլ զբաղվածություն ունենան, այլ ոչ թե հողատարածք մշակեն, արդյոք սա հնարավոր է իրականացնել, Գևորգ Պապոյանն արձագանքեց.
«Եթե ձևակերպենք, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի գյուղատնտեսությունը ենթադրենք 2050 թվականին, ես կասեմ` այդպիսին, բայց թե ինչպիսին պետք է լինի 2025 թվականին, վստահ եմ` էդպիսին չի կարող լինել: Պիտի իրատես լինենք, մեկ այլ բան է, թե ուր ենք ուզում գնանք ու աշխատենք այդ ուղղությամբ, մեկ այլ բան է մարտավարական առումով կարճաժամկետ փոքր գործողություններ ձեռնարկելիս ինչ ենք անելու: Մարտավարական առումով իմ նշած գործողություններն ավելի իրագործելի են, բայց ռազմավարական առումով դրանք պետք է բերեն նախարարի նշած գործողությունների իրականացման»:
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)