«Իմ քայլը» մտադիր է վերացնել ռեյտինգային ընտրակարգը |hetq.am|
10:49 - 04 հունվարի, 2021

«Իմ քայլը» մտադիր է վերացնել ռեյտինգային ընտրակարգը |hetq.am|

hetq.am: 2020 թվականի տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ խորհրդակցությունների: Այս պահին հայտնի չէ, թե ընտրությունները երբ են լինելու և արդյոք փոփոխված Ընտրական օրենսգրքով են իրականացվելու, սակայն խորհրդարանական աշխատանքային խումբը շուրջ մեկ տարի առաջ սկսել էր Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունների շուրջ աշխատանքները: Կորոնավիրուսի համավարակի պատճառով այն ընդհատվել էր, ապա շարունակվել հեռավար:

«Կուսակցությունների մասին» օրենքը խորհրդարանն արդեն ընդունել է, ԸՕ-ի նախագիծը հանրային քննարկման կներկայացվի առաջիկայում:

Նախագծի վերաբերյալ զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հետ:

Վերջինս նախագծում արտացոլված մի քանի առանցքային կետեր է առանձացնում, ինչպես` ընտրական ցուցակները: Դանիելյանի խոսքով` Հայաստանում միշտ քննարկվել է այն հարցը, որ ընտրական ցուցակներն ուռճացված են, ընտրողների իրական թիվը շատ ավելի փոքր է: Այն մի կողմից ընտրությունների նկատմամբ վստահության խնդիր է առաջացնում, մյուս կողմից կազմակերպման ծախսերն է ավելացնում:

«Այն մոտեցումն ենք որդեգրել, որ առանց որևէ մեկին զրկելու ընտրական իրավունքից, բայց ընտրական ցուցակները կազմենք բացառապես այն քաղաքացիներից, ում անձը հաստատող փաստաթուղթը ժամկետանց չէ»,-ասում է Դանիելյանը: Աշխատանքային խմբի ուսումնասիրությունները փաստում են, որ այն քաղաքացիները, որոնք մշտապես Հայաստանում են բնակվում, անձնագրի վավերականությունը լրանալուն պես երկարացնում են, քանի որ այն անհրաժեշտ է լինում նաև տարբեր գործարքների ժամանակ: Դանիելյանը վստահեցնում է` գյուղական հեռավոր համայնքների բնակիչները, եթե ընտրություններին ընտրատեղամասեր գնան ժամկետանց փաստաթղթով, միևնույն է, կկարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը` պարզապես կընդգրկվեն լրացուցիչ ընտրական ցուցակներում:

Ըստ աշխատանքային խմբի ուսումնասիրությունների` ոչ վավերական անձնագիր ունեցող քաղաքացիների մեծամասնությունը Հայաստանում չէ, ընդ որում՝ ցանկում կան նաև մահացած անձինք, սակայն տեղեկատվությունը չի փոխանցվել Հայաստանի համապատասխան գերատեսչություններ, և նրանք շարունակում են մնալ ընտրական ցուցակներում:

Փոփոխություններ են առաջարկվում նաև նախընտրական քարոզարշավի կարգավորումների` այսպես կոչված խաղի կանոնների սահմանման հարցում։ Օրինակ՝ բանավեճի կազմակերպման պահանջը:

«Կուզեի անպայման առանձնացնել, որ հայտարարագրման ենթակա նախընտրական քարոզարշավի ծախսերի շրջանակը պետք է ընդլայնվի: Այսօրվա գործող օրենքով` բավական սահմանափակ ծախսեր են հայտարարագրման ենթակա, օրինակ՝ նախընտրական շտաբների գործունեությանն առնչվող ծախսերի մի գալի մասը չի հայտարարագրվում»,-ասում է պատգամավորը:

Առաջարկվում է հստակեցնել նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածում և առհասարակ ընտրությունների շրջանում բարեգործություն կատարելու կարգավորումները` արգելելով բարեգործությունը թե' կուսակցություններին, թե' քաղաքական առնչություններ ունեցող հիմնադրամներին:

Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի` ԸՕ-ի նախագծի փոփոխությունները կարելի է երկու մասի բաժանել` տեխնիկական և քաղաքական: Եթե տեխնիկական հարցերը լայնորեն քննարկվել են, ապա քաղաքական հարցերը դեռ պետք է քննարկվեն ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Առանցքային հարցն, իհարկե, ընտրակարգի փոփոխությունն է, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգի բացառումն ու ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցումը:

Շարունակությունը՝ hetq.am-ում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել