Բաքուն փորձում է խուսափել հայ ռազմագերիներին Հայաստանին հանձնելու պարտականությունից․ Տարոն Սիմոնյան |lragir.am|
19:54 - 06 հունվարի, 2021

Բաքուն փորձում է խուսափել հայ ռազմագերիներին Հայաստանին հանձնելու պարտականությունից․ Տարոն Սիմոնյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենց մոտ գտնվող հայ զինծառայողները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ, ինչը նշանակում է, որ չի ցանկանում վերադարձնել նրանց: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ինչ իրավական գործընթաց կարելի է նախաձեռնել մեր տղաներին վերադարձնելու համար:

Մենք իրավական բոլոր գործիքները, որոնք հնարավոր են, կատարում ենք: Մարդու իրավունքների եվրոպական դատարան միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումներ արդեն ուղարկված են, և դրա միջոցով մենք փորձում ենք զսպել Ադրբեջանի քաղաքականությունը ռազմագերիների հետ կապված: Այն, որ Ալիևը հայտարարել է, որ նրանք ռազմագերի չեն, նա ընդամենը միջազգային իրավունքին անձամբ չի տիրապետում, կամ էլ դիտավորությամբ ցանկանում է խեղաթյուրել իրավիճակը, որովհետև նրանք իրականում ռազմագերի են, ռազմական գործողություններին մասնակից անձինք են եղել, եթե իհարկե քաղաքացիական անձինք չեն: Հետևաբար Ալիևը պարզապես ուզում է զրկել նրանց ռազմագերու կարգավիճակից և չվերադարձնել։ Մինչդեռ մենք ՄԻԵԴ-ում, որպես ռազմագերի, և որպես անձինք, որոնց կյանքի իրավունքը վտանգված է, խնդրել ենք, որ Եվրոպական դատարանի միջոցով նրանց հետ բերենք Հայաստան, կամ երաշխավորենք նրանց կյանքի իրավունքը: Դրա համար Ալիևը փորձում է ինչ-որ գործիքներից օգտվելով խուսափել այդ անձանց Հայաստանին հանձնելու պարտականությունից:

Մեղադրանքներ են հնչում, որ ՀՀ իշխանությունները մինչև եռակողմ հայտարարությունը ստորագրելը պետք է կոնկրետ երաշխիքներ պահանջած լինեին և որ այստեղ կա մեր մեղքի բաժինը:

Հայկական կողմն ընդհանրապես, ես ոնց հասկանում եմ, բանակցություններին չի մասնակցում կամ շատ թերի է մասնակցում, որովհետև և հայտարարության մեջ էր գրված, որ բոլոր գերիները պետք է հետ վերադարձվեն, և հետագայում էլ բազմիցս հայտարարվել է նրանց մասին, բայց գործնականում ոչ մի քայլ չի արվում: Ադրբեջանը, փաստորեն, երբ ուզում և ոնց ուզում վարվում է այդ հայտարարության տեքստի հետ: Եթե այս կողմից արձագանք չկա, հակառակորդը անսանձ քաղաքականություն է իրականացնում: Այդ տեսանկյունից, այո, ՀՀ կառավարությունը շատ թերի է իր աշխատանքը կազմակերպում և բանակցություններին, փաստացի տեսնում ենք, որ չի մասնակցում: Ես չգիտեմ, ՊՆ-ի կամ ԱԱԾ-ի միջոցով ինչ ինֆորմացիաներ են փոխանակում, բայց այն, որ հայտարարության տեքստը, չնայած նրան, որ այդ հայտարարությունն ինքնին միջազգային իրավունքի և ներպետական իրավունքի խախտում էր, դրանում ուղղակիորեն գրված էր, որ պետք է գերիներին հետ վերադարձնել: Եթե մեր կառավարության անդամները անգամ չեն կարողանում այնպես անել, որ գոնե այդ հայտարարության կետերը կիրառվեն, և կիրառվում են միայն ադրբեջանական կողմի պահանջները, այդ թվում այն տարածքների մասով, որոնք նշված չեն այդ հայտարարության մեջ, հետեւաբար մեր կառավարությունն ունակ չէ կամ անգործ է:

Ավելին կարդացեք Lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել