Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիներին անհրաժեշտ չէ Ադրբեջանի թույլտվությունը
21:49 - 08 փետրվարի, 2021

Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիներին անհրաժեշտ չէ Ադրբեջանի թույլտվությունը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրեր առաջ տելեգրամյան իր ալիքում գրառում էր արել, ըստ որի՝ մի քանի օր առաջ Ֆրանսիայից մի խումբ լրագրողներ ժամանել են Հայաստան՝ Արցախ մեկնելու նպատակով, սակայն նրանց չի հաջողվել մուտք գործել Արցախ։ Գրառման համաձայն՝ ռուս խաղաղապահների հաղորդմամբ՝ մուտքի համար անհրաժեշտ է թույլտվություն վերցնել ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից, քանի որ դա իրենց տարածքն է։ Ըստ հրապարակման՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ոչ պաշտոնապես կապ է հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս էլ դեսպանին ասել է, թե միջազգային մեդիան Արցախ մուտք գործելու համար պետք է ստանա ադրբեջանական հավատարմագիր։

Հրապարակման հաջորդ օրը նախկին դեսպանը եւս մեկ գրառում է արել՝ որպես նախորդի լրացում, ու նշել, որ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարաշակ Հարությունյանին, համաձայն որի՝ Հայաստանից Լաչինով դեպի Արցախ կարող են տեղափոխվել միայն Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիները, իսկ մնացած բոլորին Արցախ այցելելու համար անհրաժեշտ կլինի ստանալ Ադրբեջանի թույլտվությունը:

Միքայել Մինասյանի գրառումներն արտատպեցին Panorama.am-ը, Yerevan.today-ը, Yerkir.am-ը, Lragir.am-ը, Mamul.am-ը եւ մի շարք այլ կայքեր։

Վերոնշյալ հարցերի պարզաբանման համար Infocom-ը կապ հաստատեց Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչյության հյուպատոսական բաժին, որի ղեկավար Լուսինե Ստեփանյանն ասաց, որ պնդումները, թե Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիներին անհրաժեշտ է Ադրբեջանի թույլտվությունը, իրականությանը չեն համապատասխանում։ 

Ովքեր եւ ինչ կարգով կարող են մուտք գործել Արցախ

Օտարերկրյա քաղաքացիների համար գործել եւ գործում է մուտքի վիզայի ռեժիմ, որը սահմանվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ԼՂՀ 2001 թվականի օգոստոսի 24-ի օրենքով։ Համաձայն այս օրենքի՝ օտարերկրյա քաղաքացինները կարող են Արցախ մուտք գործել Արցախի ԱԳՆ համապատասխան մարմինների տված մուտքի արտոնագրերի հիման վրա կամ Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կար­գով: Մեր զրույցում սա հաստատեց նաեւ հյուպատոսական բաժնի ղեկավարը։ Նրա խոսքով՝ վիզային ռեժիմով Արցախ մուտք գործելը նոր չէ, պարզապես կարգի որոշակի փոփոխություն կա, եւ այժմ վիզա ստանալու համար հերթագրված օտարերկրացիների ցանկը ցուցակով տրամադրվում է նաեւ ռուս խաղաղապահներին՝ Լաչինի միջանցքում վերահսկողություն իրականացնելու համար։

Մեր ճշտող հարցին, թե ռուս խաղաղապահներն արդյոք լիազորություն ունե՞ն որեւէ մեկին արգելել մուտք գործել Արցախ, Ստեփանյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այս պահին ռուս խաղաղապահներն իրականացնում են միայն վերահսկողական գործառույթ, այսինքն՝ ստուգում են՝ արդյոք Արցախ մուտք գործող օտարերկրացիներն ունե՞ն մուտքի հաստատված վիզա, թե՞ ոչ։

Համաձայն կարգի՝ Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիները թույլտվությունը պետք է ստանան Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունից։ Այստեղ ցուցակագրում են Արցախ այցելել ցանկացողներին, որից հետո, ըստ ընթացակարգի, ցուցակն ուղարվում է Արցախի ԱԳՆ։ Այնտեղից թույլտվություն ստանալուց հետո, օտարերկրացիներին տրամադրվում է մուտքի արտոնագիր։ Ցուցակները փոխանցվում են նաեւ ռուս խաղաղապահներին՝ անցակետում խնդիրներից խուսափելու համար։

Արցախ մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիները մուտքի վիզայի անհրաժեշտություն չունեն

Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի երկրորդ գրառման մեջ նշվում էր, որ Հայաստանից Լաչինով դեպի Արցախ կարող են տեղափոխվել միայն Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիները: Մինասյանի պնդմամբ՝ մնացած բոլորին Արցախ այցելելու համար անհրաժեշտ կլինի ստանալ Ադրբեջանի թույլտվությունը: 

Արդեն նշեցինք, որ Ադրբեջանի թույլտվությունը ոչ մի պարագայում պետք չէ, ուստի դրա վերաբերյալ գրառման մեջ առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիներին, ապա նրանք առանց մուտքի վիզայի կարող են մուտք գործել Արցախ։ Սա պայմանավորված է ոչ թե Ռուսաստանի՝ համատեղ հայտարարությունը ստորագրած կողմ լինելու հանգամանքով, ինչպես նշվում էր գրառման մեջ, այլ ԱՊՀ երկրների կազմում լինելու փաստով։ Մեր զրույցում վերոնշյալը հաստատեց նաեւ հյուպատոսական բաժնի ղեկավար Լուսինե Ստեփանյանը։

Այս մասին գրված է նաեւ Արցախի ԱԳՆ կայքում․ «Վրաստանի եւ ԱՊՀ երկրների (բացառությամբ Թուրքմենստանի) քաղաքացիների համար գործում է ոչ վիզային ռեժիմ, սակայն նշված երկրների քաղաքացիները պետք է հաշվառում անցնեն ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում եւ ստանան գրանցման քարտ»։

Այսպիսով՝ Մինասյանի՝ վերջին օրերին աղմուկ հանած երկու գրառումներում տեղ գտած հիմնական պնդումը, թե Արցախ մուտք գործելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի թույլտվությունը, իրականությանը չի համապատասխանում, իսկ Ռուսաստանի քաղաքացիների «արտոնյալ» մուտքի իրավունքը պայմանավորված է ԱՊՀ երկրների կազմում լինելու հանգամանքով։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել