1lurer.am: Եթե մենք ցանկանում ենք, որ պետությունն արդյունավետ կերպով կարողանա գոյություն ունենալ, զարգանալ, պետք է ունենա կենսունակ, արդար դատական համակարգ: Այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի հարցի քննարկմանը:
«Դրա փոխարեն ինչ ունենք մենք. վերից վար կոռումպացված, իրենց խղճի դեմ գործարքի գնացած, մեր երկրի հարյուր հազարավոր քաղաքացիների տառապանքների հաշվին հարստացած, քաղաքական պատվերներ կատարող, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ: 2020 թ. նոյեմբերի 15-ին՝ Կառավարության և Ազգային ժողովի շենքերը գրոհած ջարդարարների կողմից գործողություններից օրեր անց, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը քաղաքական հայտարարություն, մարտակոչ ուղղեց դատական համակարգին, դատավորներին՝ հրահանգելով ցույց տալ, որ իրենք վնգստացող դատավորներ չեն»,- ասաց Բաբաջանյանը:
Պատգամավորի խոսքով՝ կարող ենք պնդել, որ ԲԴԽ-ն ոչ միայն իր ֆունկցիան բավարար և արդյունավետ չի կատարում, այլև ակնհայտ քաղաքական դիրքավորում է զբաղեցնում: Ասաց, որ սա կարելի է պնդել նրանից, որ որևէ սթափեցնող, սառեցնող և հակակշռող հայտարարություն այս հայտարարությանը Բարձրագույն դատական խորհրդի և ոչ մի անդամի կողմից չի հնչեցվել:
«Երբ դատական իշխանությունը կամ այդ համակարգի կառույցներից մեկի ղեկավարը նման քաղաքական հայտարարություն է անում և ձեռնոց նետում, նա փլուզում և քանդում է պետականության բոլոր հիմքերը: Այսպիսի հայտարարության առկայությունն իսկ վկայում է, որ մենք չունենք այլևս պետական իշխանության ինստիտուտներ. հենց այստեղ ավարտվում է պետությունը: ԲԴԽ նախագահի այդ հայտարարությանը հաջորդեցին Հայաստանի պատմության ընթացքում մեկ տասնյակի շրջանակում տեղավորվող ծանրագույն հանցագործություններով մեղադրանքների, կալանքների միջնորդությունների չբավարարումը՝ ցույց տալով, որ արդարադատության իրականացման համար պատասխանատու կառուցակարգերն ակնհայտորեն ձեռնոց են նետում մեր պետականությանը»,- ասաց Բաբաջանյանը:
Պատգամավորն ասաց, որ անցյալ ուրբաթ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էր և իրեն տեղեկացրել են, որ ազատ է արձակվել ԱԺ նախագահի վրա հարձակում գործած հրոսակախմբի վերջին կալանավորվածը. այդ դատավորների ոհմակը ուղիղ պաշտպանության տակ է առնում մարդկանց, ովքեր պետք է այսօր լինեին համապատասխան վայրերում:
«Կարծում եմ, որ սրա վերաբերյալ ևս դատական համակարգը պետք է շատ որոշակի վերաբերմունք ունենա և արտահայտի»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ Հայաստանում դատարանները ոչ միայն աջակցում, այլ նաև իրենց դատական ակտերով կանաչ լույս են վառում պետական ահաբեկչություն ծրագրողների և զինված հեղաշրջման ճանապարհով երկրում իշխանություն հաստատելու մտադրություն ունեցողների առաջ:
comment.count (0)