Պատերազմին մասնակցած մոբռեսուրսի միայն 3-4 տոկոսը դեռեւս չի վճարվել. պաշտպանության նախարար
17:13 - 10 փետրվարի, 2021

Պատերազմին մասնակցած մոբռեսուրսի միայն 3-4 տոկոսը դեռեւս չի վճարվել. պաշտպանության նախարար

Մոբիլիզացիոն ռեսուրսի միայն 3-4 տոկոսը դեռեւս չի վճարվել պատերազմին մասնակցելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիտոր ենգիբարյանի այն դիտարկմանը, որ խնդրի վերաբերյալ ահազանգեր կան։

Թե որն է վճարների ուշացման պատճառը, Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ կան մարդիկ, որոնք չեն ներկայացրել անձնական տվյալներ և մարդիկ, որոնք դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ ու զորամաս չեն հասել.

«Բնական է, որ այստեղ հաշվառման խնդիրներ են առաջանում։ Այդ գործընթացը գնում է, և մենք համարում ենք, որ մինչև մարտի մեկը հաշվառման գործընթացը կավարտվի, և կվճարենք վճարները»,- վստահեցրեց նախարարը։

Նրա խոսքով՝ ի հայտ եկող խնդրահարույց մյուս հարցը վերաբերում է մարդկանց, որոնք գնացել են կամավոր և զորամասում չեն գրանցվել։ Հարությունյանը պարզաբանեց, որ նախարարությունը զորամասերից պահանջում է անհրաժեշտ տվյալները, իսկ դրանք ստանալուց հետո կատարվում են վճարումները։

Խոսելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կատարած վճարումների մասին՝ նախարարը նշեց, որ հիմնադրամից վճարումներ ստանում են տարբեր խմբեր՝ անհետ կորածները, վիրավորում ստացածները՝ 500․000 դրամի չափով.

«Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցողներին՝ երբ հաստատվում է հաշմանդամությունը, անձը հիմնադրամից ստանում է համապատասխան գումարը։ Հիմնադրամը այսօր մուծել է մոտ 50 տոկոս վճարները»,- եզրափակեց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել