Ակնհայտորեն ամեն օր իրավիճակը սրվում է երկրում եւ Հայաստանը եւ Արցախը, ավելի ճիշտ այն մասնիկը Արցախի, որը մնացել է, իրականում վտանգված են, եւ մարդիկ, որոնք ուսադիր են կրում բոլորից ավելի լավ են հասկանում այդ վտանգները, իսկ վտանգների գեներացնողը Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ Infocom-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«Ինքը պետք է հեռանա, իսկ այն զավեշտալի հայտարարությունը, թե սա ռազմական հեղաշրջում է, կա՛մ շատ կինոներ են նայել, կա՛մ չեն հասկանում, թե ռազմական հեղաշրջումը որն է։ Ինչ վերաբերում է ռազմական հեղաշրջմանը, ապա այն համենայնդեպս քաղաքակիրթ հայտարարության տեսքով չի լինում։ Համենայնդեպս իրենց խորհուրդ կտամ՝ ի վերջո թույլ տան, որ Հայաստանը դուրս գա այս ահավոր իրավիճակից»։
Գլխավոր Շտաբի հայտարարության եւ Տիրան Խաչատրյանի աշխատանքից ազատման կապի վերաբերյալ Աբովյանն ասաց, որ իր կարծիքով՝ մի դրվագի պատճառով ԳՇ-ն այդպիսի հայտարարություն չէր անի։ Այստեղ կոմպլեքս է, իշխանությունը հետեւողական ոչնչացնում է երկիրը, բանակը, եւ սա բոլոր խնդիրների կոմպլեքսի արտահայտումն է։
«Ինձ համար յուրաքանչյուր դեպքում շատ կարեւոր է, որ երկրում չլինեն բախումներ, եւ իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից, իսկ իրավիճակը դուրս չի գա վերահսկողությունից միայն մեկ պայմանով, երբ ապակայունացման հիմնական գործոնը՝ Նիկոլ Փաշինյանը, հեռանա։
Մեր հարցին, թե Նիկոլ Փաշինյանի չհեռանալու դեպքում որոնք են իրենց հետագա քայլերը, Աբովյանը չմանրամասնեց։
Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։
Նարեկ Մարտիրոսյան
comment.count (0)