ԱԺ հանձնաժողովը փակ ռեժիմով կքննարկի Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը |armenpress.am|
12:52 - 01 մարտի, 2021

ԱԺ հանձնաժողովը փակ ռեժիմով կքննարկի Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փակ ռեժիմով կքննարկի Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագծին հավանություն տալու հարցը:

Նման առաջարկ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ առաջարկում եմ նիստն անցկացնել փակ ռեժիմով: Երբ քվեարկելու լինենք նախագիծը, այդ հատվածը բաց կլինի»,- ասաց Ռուբինյանը:

Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է դատապարտել Ադրբեջանի կողմից իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման միջազգային մարդասիրական գործընթացի և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դրույթների կոպիտ խախտումն ու ոտնահարումը, ինչպես նաև միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը վերստին հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա, հասնել միջազգային հանրության դատապարտող հայտարարություններին Ադրբեջանի նկատմամբ:

Հայտարարության ընդունմամբ ակնկալվում է միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը կյանքի կոչելուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել