Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 3-ին հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամմադ Սալեհի և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում է եղել նաև Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռեհան Հաննա Այուբը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ Արա Այվազյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանականների նման ներկայացուցչական պատվիրակության այցը նոր էջ է բացելու դարավոր բարեկամության ավանդույթներով միահյուսված հայ-իրաքյան հարաբերություններում:
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են հայ-իրաքյան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք ընդգծելով խորհրդարանական ձևաչափով համագործակցության կարևորությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության ամրապնդման գործում: Այս համատեքստում բարձր է գնահատվել իրաքահայ համայնքի դերը՝ որպես միջպետական բարեկամության զարգացման ամուր օղակ:
Մտքեր են փոխանակվել մերձավորարևելյան տարածաշրջանում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Իրաքի խորհրդարանականները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի՝ հարևան տարածաշրջաններ անկայունություն սերմանելու և արտահանելու քաղաքականության առնչությամբ:
comment.count (0)