Միհրան Պողոսյանը դատի է տվել Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը. պարզվում է նա ՌԴ-ում ուսում էր ստանում |armtimes.com|
10:44 - 01 հունիսի, 2021

Միհրան Պողոսյանը դատի է տվել Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը. պարզվում է նա ՌԴ-ում ուսում էր ստանում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը դատի է տվել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Նա մայիսի 29-ին դիմել է դատարան պահանջելով անվավեր ճանաչել 28.05.2021 թվականի թիվ 84 որոշումը: Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանին եւ հենց դրա հաջորդ օրն էլ քննվել:

Ինչպես օրեր առաջ հայտնի դարձավ Միհրան Պողոսյանը ընդգրկված է «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում: Պողոսյանը մայիսի 18-ին դիմել է անձնագրային վարչություն՝ վերջին 4 տարիներին ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ իրեն տեղեկանք տրամադրելու համար, սակայն մերժվել:

ոստիկանության պարզաբանումը

Ըստ ոստիկանության պարզաբանման՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը հարցում է կատարել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան պարզելու Միհրան Պողոսյանի նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին փաստաթղթի իսկությունը: Մինչ հարցման պատասխանը ստանալը Պողոսյանի լիազորված անձը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ տեղեկանքը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով։ 2021թ. մայիսի 25-ին դատարանն իր որոշման հիմքում դնելով նաև Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի՝ Միհրան Պողոսյանին նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին հրամանը բավարարել է հայցը, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը պարտավորեցրել է տրամադրելու տեղեկանքը: Վճիռը եղել է վերջնական, առանց բողոքարկման իրավունքի։ Ի կատարումն դատարանի վճռի՝ 25.05.2021թ. Միհրան Պողոսյանին տրվել է հայցվող տեղեկանքը:

«Այնուհետև 26.05.2021թ. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես եւ հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից 15.01.2020թ. թիվ 0089- ОД հրամանն արձակելու և 21.05.2021թ. թիվ 1427 տեղեկանքը տրամադրելու փաստը»,- նշված է անձնագրային վարչության պատասխանում:

Դրանից հետո անձնագրային վարչությունը նշված հանգամանքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ծանուցվել է նաեւ Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը:

Վերջինս նույն օրը անձնագրային վարչություն է մուտքագրել երրորդ դիմումը եւ ներկայացրել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից տրված տեղեկանք առ այն, որ Միհրան Պողոսյանը 15.01.2020-31-05.2020թթ. ընդգրկված է եղել նշված հաստատությունում կազմակերպված «Մարդկային կապիտալի կառավարում» ծրագրով նախապատրաստական դասընթացներին:

«Վերոնշյալ տեղեկանքի իսկությունը ստուգելու նպատակով հարցում է կատարվել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտ։ 2021թ. մայիսի 30-ի դրությամբ նշված հարցման պատասխանը դեռևս չի ստացվել, ուստի օրենքով սահմանված եռօրյա ժամկետը լրանալու հանգամանքով պայմանավորված՝ Միհրան Պողոսյանին տրվել է նոր տեղեկանք»,- հայտնեցին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել