Հայկ Սարգսյանի կողմից հրապարակված լուսանկարի դեպքով քրգործի հարուցումը մերժվել է. Երեւան քաղաքի դատախազ |armtimes.com|
15:26 - 12 հուլիսի, 2021

Հայկ Սարգսյանի կողմից հրապարակված լուսանկարի դեպքով քրգործի հարուցումը մերժվել է. Երեւան քաղաքի դատախազ |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով այսօրվա նիստում Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը անդրադարձավ «Հայաստան» դաշինքի դիմումում տեղ գտած այն պնդմանը, որ ընտրությունների օրը կատարված իրավախախտումների վերաբերյալ իրավապահ մարմինները համանման մոտեցում չեն ցուցաբերել իշխող կուսակցության եւ այլ թեկնածու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ:

Խոսքը, մասնավորապես, ընտրությունների օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանի կողմից ֆեյսբուքում արված գրառման մասին է, որում նա հրապարակելով 24 համարի քվեաթերթիկը՝ գրել էր. «Մերժվածները»: 

«Հայաստան» դաշինքի դիմումում նշվել է, որ պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանի կողմից հենց քվեարկության ընթացքի մեջ լինելու պայմաններում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչություն պարունակող նյութ է հրապարակվել, սակայն այդ կապակցությամբ չի արձանագրվել որեւէ իրավական հետեւանք, կանխարգելիչ գործունեություն:

Սեւակ Հովհաննիսյանը հակադարձեց. «Պետք է նշեմ, որ գլխավոր դատախազությունը հենց նույն օրը ՀՔԾ է ուղարկվել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից քվեարկության խցիկը նկարահանելու վերաբերյալ «Հրապարակի» հոդվածը, որի հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»:

Այնուհետեւ, անդրադառնալով համանման մեկ այլ դեպքի՝ դատախազն, իր խոսքերով, «հակառակորդ ճամբարից» օրինակ բերեց:

«Ֆեյսբուքում Նարեկ Սամսոնյանի կողմից հրապարակվեց նույնաբնույթ լուսանկար եւ գրառում, որ ի պատասխան Հայկ Սարգսյանի՝ հրապարկում է թիվ 3 քվեաթերթիկը: Այս դեպքում եւս կայացվել է նման որոշում (քրգործի հարուցումը մերժվել է-խմբ.) եւ հիմք է հանդիսացել նշված երկու անձանց կողմից տրված բացատրությունը, որ համացանցում են հանդիպել լուսանկարը, ներբեռնել են իրենց հեռախոսի մեջ...»,- ասաց Երեւան քաղաքի դատախազը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել