1lurer.am: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել է Արցախյան հակամարտությանը:
«Կա մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Քանի դեռ այդ կարգավիճակը որոշված չէ, ո՛չ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ո՛չ Երևանում Ֆրանսիայի դեսպանը չեն կարող այցելել Ղարաբաղ։ Բաքվում իմ գործընկերը չի այցելում Շուշի, ինչպես ես չեմ այցելում Ստեփանակերտ։ Եվ սա մի դիրքորոշում է, որը կիրառվել է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից։ Մինչդեռ Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության։ Այժմ միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է այնտեղ ներկա և կատարում է գերազանց աշխատանք։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի գործակալությունները նույնպես կոչված են ներկա լինելու Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա։
Ըստ դեսպանի՝ հակամարտության արդյունքում մի շարք հարցեր բաց են մնացել։ Նա մասնավորապես շեշտել է ռազմագերիների խնդիրը: «Ռազմագերիները, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում։ Մի քանի հարյուր կիլոմետրանոց նոր սահմանը, որն այսուհետ գոյություն ունի երկու երկրների միջև։ Եվ ընդհանուր առմամբ բուն Ղարաբաղի հարցը։ Տեսնում ենք, որ այս հարցերը լուծված չեն։ Ուստի, կողմնակից ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվի քաղաքական գործընթաց։ Մի գործընթաց, որը Մինսկի խմբի համանախագահները կոչված են ուղեկցելու։ Հայաստանի և տարածաշրջանի համար անվտանգության լավագույն երաշխիքն այս տարբեր կետերի բանակցային ճանապարհով լուծումն է։ Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հարցերի շուրջ խոսելու համար բոլոր կողմերի կողմից ճանաչված միակ մարմինն է»,- ասել է Լաքոտը։
Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին:
«Կարծում եմ` պետք է վանել «միջանցք» արտահայտությունը։ «Միջանցքները» շատ վատ հիշողություն են թողել դիվանագիտության պատմության մեջ, ինչպես, օրինակ, Դանցիգի միջանցքը։ Մենք կարծում ենք, որ պետք է աշխատել հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև և որը նախատեսում է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև հաղորդակցության տարածաշրջանային ուղիների վերականգնում։ Ֆրանսիայի լիովին պատրաստ է աշխատել տարածաշրջանի երկրների հետ՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկման ուղղությամբ»,- ասել է նա:
comment.count (0)