armenpress.am: Էրեբունի հնավայրում Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին ներկայացվեցին 2021 թվականի առաքելության ուսումնասիրությունների արդյունքները:
Մելքոմ Մելքոմյանն ու Լաքոտը շրջեցին հնավայրի տարածքում, ծանոթացան կատարված աշխատանքներին, այնուհետև ասուլիսով հանդես եկան:
«Այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի կարևոր համագործակցություններից մեկն է: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, լինելով մեր կարևորագույն հուշարձաններից, մեծ ուշադրության է արժանանում մեր կողմից: Ե՛վ այս ծրագրով, և՛ այլ նախաձեռնություններով մենք փորձում ենք խթանել արգելոց-թանգարանի զարգացմանը»,- նշեց Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն էլ ընդգծեց, որ այս ժառանգությունը բավական կարևոր է Երևանի և ընդհանուր տարածաշրջանի պատմության համար:
«Սա Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրագործվող ժառանգության ոլորտում ընդհանուր մեծ ծրագրերի մաս է կազմում: Ֆրանսիան Հայաստանի հետ սկսելու է ժառանգության պահպանման համագործակցություն, քանի որ հայկական ժառանգությունը վտանգված է: Մենք ցանկանում ենք Հայաստանի կողքին լինել, որպեսզի պահպանենք այդ ժառանգությունն ու արժևորենք»,- նշեց Լաքոտը:
Արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն էլ շեշտեց, որ այս հնավայրը շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանի հնագիտության ուսումնասիրության համար:
«Այս ուսումնասիրությունների մասին տեղյակ են բազմաթիվ հնագետներ և ամենահեղինակավոր ուրարտագետների կողմից արժանացել են ամենաբարձր գնահատանքին»,- ասաց Բադալյանը:
comment.count (0)