Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության. Գագիկ Ջհանգիրյան
13:38 - 14 օգոստոսի, 2021

Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության. Գագիկ Ջհանգիրյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այցելել է Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերի դատարաններ:
 
Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության:
 
Այս մասին Արագածոտնի մարզում դատարանի նորանշանակ նախագահ Գոհարիկ Խաչատրյանին ներկայացնելիս հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը. «Մենք վերադառնում ենք հին համակարգին, որը ոչ միայն հնարավորություն կտա ավելի ճիշտ կազմակերպել մեր աշխատակազմերի աշխատանքները, այլ նաև կհանգեցնի դատարանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացմանը»,- նշեց Ջհանգիրյանը:
 
Սա, սակայն, սպասվող միակ փոփոխությունը չէ: Առաջիկայում կլուծվի նաև դատավորների աշխատավարձերի բարձրացման և թոշակի հարցը:
 
«Սոցիալական ապահովության հարցը կլուծենք և ոչ միայն դատավորների, այլ նաև քննչական և դատախազական մարմինների աշխատակիցների: Ավելին ասեմ՝ գիտեք, որ հիմա ՍԴ-ում քննարկվում է Հակակոռուպցիոն դատարանի սահմանադրականության հարցը: Նախագծում նշված է այդ դատարանների դատավորների ավելի բարձր վարձատրության հարցը, որն էլ հենց վիճարկվում է: Ուզում եմ տեղեկացնել, որ աշնանը մենք կունենանք նախագիծ, որով դատավորների աշխատավարձերն էլ կբարձրանան: Եթե չհավասարվի Հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին, ապա չնչին չափով ցածր կլինի»,- ասաց Ջհանգիրյանը:
 
Խորհրդի նախագահի պաշտոնակատարն այցելեց Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Ապարանի նստավայրեր, տեղում ծանոթացավ ինչպես շենքային պայմաններին, այնպես էլ աշխատակիցների խնդիրներին:
 
Հաջորդ հանդիպումը Շիրակի մարզում էր: Այստեղ դատարանի նոր նախագահ է նշանակվել Գոռ Հարությունյանը:
 
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելեց Գյումրու և Մարալիկի նստավայրեր: Մարզում դատարանների շենքային պայմանների վերաբերյալ բողոքները փոքրաթիվ էին. փոխարենը աշխատակազմը համալրելու, դատարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու, դատավորների թիվն ավելացնելու մասին հարցեր բարձրացվեցին: Քննարկում ծավալվեց նաև համակարգչի միջոցով գործերի բաշխման ծրագրի թերությունների և սպասվող փոփոխությունների շուրջ:
 
Գագիկ Ջհանգիրյանը մարզային այցի ընթացքում դատարանների կազմերին ներկայացրեց նաև Կարգադրիչների ծառայության նորանշանակ ղեկավար, գնդապետ Սուրեն Բաղդասարյանին: Խորհրդի նախագահի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ քննարկվում է Կարգադրիչների ծառայության աշխատակիցների լիազորությունների ընդլայնման հարցը՝ դատարանների անվտանգային խնդիրները լուծելու համար:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել