Եթե մարդիկ դուրս էին եկել համակարգի դեմ, ո՞նց ստացվեց, որ Մուկուչյան Տիգրանը, Դավթյան Արթուրը, Խաչատրյան Սասունը, էդ համակարգի կարեւորագույն պաշտոնները զբաղեցնողները մնացին անփոփոխ․ Հայկ Մամիջանյան
16:48 - 13 սեպտեմբերի, 2021

Եթե մարդիկ դուրս էին եկել համակարգի դեմ, ո՞նց ստացվեց, որ Մուկուչյան Տիգրանը, Դավթյան Արթուրը, Խաչատրյան Սասունը, էդ համակարգի կարեւորագույն պաշտոնները զբաղեցնողները մնացին անփոփոխ․ Հայկ Մամիջանյան

Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջյանյանն անդրադարձավ խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորների ելույթներին։

Հիշատակելով ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի ելույթի այն հատվածը, որտեղ պատգամավորը հայտարարել էր, թե 2018-ին քաղաքացիները մերժում էին արատավոր համակարգը Մամիջանյանն ասաց․ «Տիկի՛ն Ջուլհակյան, ըստ Ձեզ՝ 2018-ին մարդիկ դուրս էին եկել համակարգի դեմ։ Թվարկենք համակարգի որոշ մասնիկների․ Մուկուչյան Տիգրան, Դավթյան Արթուր, Խաչատրյան Սասուն․․․ Բա էդ որ համակարգի դեմ էին դուրս եկել, ո՞նց ստացվեց, որ էդ համակարգի հիմնասյուները, կարեւորագույն պաշտոնները զբաղեցնող մարդիկ մնացին անփոփոխ»,- ասաց «Պատիվ ունեմ»-ի պատգամավորն ու անդրադարձավ «արյունոտ ձեռքերի» մասին Ալեն Սիմոնյանի ելույթին, երբ վերջինս հիշատակեց մի պատմություն, թե Պիղատոսի պատիժը դժոխքում այն էր, որ նա անընդհատ լվանում էր ձեռքերը, բայց ձեռքերից արյուն էր թափվում։ Դիմելով ընդդիմադիրներին՝ Սիմոնյանն ասաց, թե չի ստացվելու ձեռքերից լվանալ արյունը։

«Մի՛ արեք էդ արտահայտությունը, ժողովուրդ»,- կոչ արեց Մամիջանյանն ու շարունակեց,- «առնվազն էն մարդիկ, որոնք պատերազմի ընթացքում անկազմակերպվածությունը, ՄՈԲ-ի կազմակերպումը, ապահովման կազմակերպումը, ողջ լոգիստիկան տեսել են, երբեք թույլ չեն տա, որ դուք խոսեք արյունոտ կամ ոչ արյունոտ ձեռքերից»։

Հաջորդիվ, անդրադառնալով ՔՊ-ական Վահագն Հովակիմյանի ելույթին, Հայկ Մամիջանյանն ասաց․ «Խոսում էիք կեղծված ընտրությունների մասին, պարոն Հովակիմյան, բա էդ ո՞նց եղավ, որ Ձեր քաղաքական առաջնորդը կանգնել էր ընտրություններ կեղծող առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին՝ «Իմպիչմենտ» դաշինքի շրջանակներում, նաեւ պատգամավոր էր նստած Կոնգրեսով (ՀԱԿ ցուցակով,- հեղ․)։ Ո՞նց ա ստացվում, որ մի քանի հարյուր հազար ձայն պակաս ստանալու դեպքում ձեր մանդատը հանկարծակի թավիշից դառնում է պողպատ։ Իշխանափոխությունից հետո սկզբից՝ կես-կատակ, հետո՝ լուրջ արտահայտություն կար՝ «բա սրա համար է՞ինք պայքարում»։ Էկեք թվարկենք՝ ինչի համար էիք պայքարում։ Դահլիճում ներկա չէ Վիլեն Գաբրիելյանը, որ Ֆեյսբուքում հայտնի էր որպես Նավակ ճոճող․ Վիլեն Գաբրիելայնը պայքարում էր նրա համար, որ հիմա իշխանությունների վերաբերյալ ստատուս գրելը փողով տուգանքով է դառել, կամ տիկին Նազարյանը (Լենա Նազարյանը,- հեղ․), որպես հայտնի էկոակտիվիստ, պայքարել է նրա համար, որ Ֆիզգորոդոկում մի քանի օր առաջ ցուցարար էին ծեծում, երեկ բուլդոզերներով կանաչապատ տարածք էին քանդում, այ դրա համար եք պայքարել, պարոն Վարդանյանը (Վլադիմիր Վարդանյանը,- հեղ․), պայքարել է նրա համար, որ անցած տարի Սահմանադրությունն այս ամբիոնի վրա բռնաբարում էին, պարոն Արշակյանը (Հակոբ Արշակյանը,- հեղ․), մեծ պայքար էր ծավալել կուտակային համակարգի դեմ, որ հիմա այն ողջ ծավալով ներդրվի։ Այ սրա համար եք պայքարել»,- թվարկեց Մամիջանյանը՝ հավելելով, որ պայքարել են, որ ԱԺ-ն հսկեն մի քանի տասնյակ զինվորականներ, իսկ սահմանները չհսկվեն, իսկ թշնամին մտնի մեր հող։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել