Գորիսում մենք հավաստի տեղեկություններ ենք ստացել՝ կապված ընտրակաշառքի դեպքերի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Ես չգիտեմ՝ որքանով այժմ «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում տեղի ունեցող խուզարկությունը կապ ունի այն ահազանգերի հետ, որոնց մասին մենք գիտենք։ Ենթադրում եմ, որ կապ ունի։ Մեր՝ այսօր ստացած ահազանգերի մասին Ոստիկանությունը տեղեկացվել է»,- նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կարմիր բերետավորները մուտք են գործել Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբ։ Բերետավորների կողմից փակվել է շտաբի մուտքը։
Իոաննիսյանը ընտրակաշառքի գումարի չափի մասին ոչինչ չասաց, բայց նշեց, որ «բավականին ճշգրիտ ահազանգ է՝ տեղով, ժամով, անձանցով»։ Նրա խոսքով՝ այսօր էլի ահազանգ են ստացել, բայց այսօրվան չի վերաբերում։ Իոաննիսյանն ընդգծեց, որ Գորիսում ընտրակաշառքի հետ կապված բոլոր ահազանգերը վերաբերում են «Առուշ Առուշանյան» դաշինքին։
«Գորիսում նաև մենք շատ նկատել ենք ուղղորդումների դեպքերը ընտրական տարբեր տեղամասերում։ Պարզվեց, որ դրանք անողներից շատերը համայնքային ծառայողներ են, այսինքն՝ քաղաքապետարանի աշխատակիցներ են, երբեմն բարձրաստիճան։ Ուղղորդել են հօգուտ Առուշ Առուշանյանի։ Սրանք մեր դիտորդների կողմից դիտարկված դեպքեր են»,- հայտնեց նա։
Իոաննիսյանն ասաց նաև, որ մի շարք տեղամասերում մեր կողմից դիտարկվել է, որ news.am, antifake.am և yerevantoday.am կայքերից ներկայացող անձինք չեն ունեցել ԿԸՀ հավատարմագրում, բայց մտել են տեղամասեր և ինչ-որ գործունեություն են ծավալել․ «Այդ մասով զրուցել ենք նաև ՏԸՀ-ի հետ, վերջինս ևս լրիվ համակարծիք էր, որ այդ մարդիկ իրավունք չունեն տեղամասերում գործել, և այն տեղամասերում, որտեղ մեր դիտորդները տեսնում են այս լ-միջոցների աշխատակիցներին, գործողություններ են ձեռնարկում։ Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ տեղամասում աշխատելու համար ուղղակի լրագրող լինելը քիչ է, պետք է ԿԸՀ-ում հավատարմագրման պրոցես անցնել»։
comment.count (0)