2021 թվականի նոյեմբերի 14-ին Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում եւ Կոտայքի մարզի Արզնի համայնքում տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։ Քարորզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին, ավարտվելու է նոյեմբերի 12-ին։
Արզնիում ընտրելու են ավագանի․ առաջադրվել են անկուսակցականներ եւ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ։
Լերմոնտովոյում ընտրելու են ավագանի եւ համայնքի ղեկավար։ Համայնքապետի պաշտոնում առաջադրվել են անկուսակացական Ռաֆիկ Խառատյանն ու անկուսակցական Էդիկ Չախալյանը։ Վերջինս Լերմոնտովոյի գործող ղեկավարն է, իսկ Խառատյանն Անտառաշեն համայնքի ղեկավարն է։ Անտառաշենն, ի դեպ, միավորվելու է Լերմոնտովո համայնքի հետ։
Ռաֆիկ Խառատյանը, սակայն, որոշել է հանել իր թեկնածությունը։ Այս մասին նա ասաց Infocom-ի հետ զրույցում՝ նշելով, որ իր առողջությունը չի ների ավելի մեծ համայնք ղեկավարելու հարցում։ Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է դիմում ներկայացնել Տարածքային ընտրական հանձնաժողով՝ թեկնածությունը հանելու վերաբերյալ։
Տարածքային ընտրական հանձնաժողովից Infocom-ին հայտնեցին, որ այս պահին դեռեւս թեկնածուից դիմում չեն ստացել։
Նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են սպասվում նաեւ Սյունիքի մարզի Կապան, Լոռու մարզի Ստեփանավան, Տավուշի մարզի Իջեւան համայնքներում։
Իջեւանում առաջադրվել են «Հայ հեղափոխական դաշնակցությունն» ու «Քաղաքացիական պայմանագիրը»։ ՔՊ ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, ՀՅԴ-ի ցուցակը գլխավորում է անհատ ձեռներեց Վահան Ղազումյանը։
Կապանում ընտրություններին դարձյալ երկու քաղաքական ուժ է մասնակցելու, մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ համայնքի ղեկավարի պաշտոնում գործող պատգամավոր Դավիթ Դանիելյանի թեկնածությամբ, մյուսը՝ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ Կապանի գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանի թեկնածությամբ։
Իսկ Ստեփանավանում առաջադրվել են երեք ուժեր՝ «Բարգավաճ Հայաստանը», «Հայ ազգային կոնգրեսը», «Քաղաքացիական պայմանագիրը»։ Առաջինի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագոզյանը, որն այս պահին չի աշխատում, ՀԱԿ ցուցակի առաջին համարը Վանո Հակոբյանն է, որը նույնպես չի աշխատում, իսկ ՔՊ ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։
Լուսանկարը՝ Ամերիկայի ձայնի տեսանյութից
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)