Ստեփանավանում զբոսաշրջության զարգացումը առաջնահերթություն է․ դա կնպաստի նաև աշխատատեղերի ստեղծմանը․ Արմեն Գրիգորյան
17:45 - 29 հոկտեմբերի, 2021

Ստեփանավանում զբոսաշրջության զարգացումը առաջնահերթություն է․ դա կնպաստի նաև աշխատատեղերի ստեղծմանը․ Արմեն Գրիգորյան

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում այս տարվա նոյեմբերի 14-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։  

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանն իր թիմի հետ սկսել է քարոզարշավը, ասում է՝ ընտրություններում հաղթելու ակնկալիք ունեն։ Վստահությունը, նրա խոսքով, պայմանավորված է կատարված աշխատանքով․ «Տրամադրված ենք միայն և միայն ծառայելու ի շահ համայնքի, ի շահ մեր բնակիչների։ Արդեն իսկ մի տարի է՝ համայնքապետի պաշտոնակատար եմ, և այդ ընթացքում ահագին ծրագրեր ենք կյանքի կոչել, որոշ բաներ ավարտվել են, որոշ բաներ ավարտական փուլում են»,- ասում է նա՝ հավելելով, որ ճանապարհների բարեկարգման, կապիտալ, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումներ են իրականացրել։

Գրիգորյանի դիտարկմամբ՝ ճանապարհաշինությունը կարևոր նախապայման է զբոսաշրջության զարգացման համար․ «Զբոսաշրջության ակտիվության հետ կապված նաև աշխատատեղեր կստեղծվեն։ Աշխատատեղերն առաջնային կարևորություն ունեն․ այստեղ մենք չունենք մեծ գործարաններ, արտադրություններ, դրա համար որոշել ենք զբոսաշրջությանը առաջնայնություն տալ, դրանով էլ պայմանավորված է ճանապարհաշինությունը, ենթակառուցվածքների զարգացումը»։

Համայնքապետի թեկնածուն հրատապ է համարում նաև Աշոտաբերդ թաղամասում առկա խնդիրների լուծումը․ 1988 թ․-ի երկրաշարժի պատճառով բնակարան կորցրած քաղաքացիներին Աշոտաբերդ թաղամասում փայտաշեն տներ են հատկացվել։ Փայտաշեն տները, բնակիչների խոսքով, տրամադրվել են 5-7 տարի ժամկետով, սակայն մարդիկ այնտեղ ապրում են 30 տարուց ավելի։ 2018 թ․-ին բնակարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով 3 հոգի էր մահացել, ավելի վաղ՝ ևս մեկ տարեց բնակիչ էր հրդեհի զոհ դարձել։ Բնակիչների խոսքով՝ պատճառը փայտաշեն տների վատ վիճակն է։

Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ ուսումնասիրել են խնդիրը, կառավարության հետ նախնական որոշ համաձայնություններ են ձեռք բերել, և նպատակ ունեն կառավարության աջակցությամբ լուծել խնդիրը․ «296 բնակարան ունենք, որից տվյալ պահին 168-ն են համարվում պետական։ Մյուս դեպքերում բնակարանները կա՛մ գնել են, կա՛մ վերավաճառել։ Պետությունը չի կարող երկու դեպքերում էլ միանման մոտեցում ցուցաբերել»,- ասում է նա՝ հավելելով, որ պետությունը պարտավորություն ունի այն մարդկանց նկատմամբ, որոնք երկրաշարժի հետևանքով են հայտնվել փայտաշեն տնակներում։ Նրա կարծիքով՝ առաջիկա 5 տարիների ընթացքում կկարողանան բնակարաններով ապահովել աղետից տուժած ընտանիքներին։

Անդրադառնալով Ստեփանավանի օդանավակայանի գործարկման հնարավորություններին՝ Գրիգորյանը պատմում է, որ նախնական ծրագիր ունեն, որը մոտ ապագայում կյանքի կկոչվի․ «Չեխիայից ներդրողներ կան, որոնց հետ բանակցել ենք, ուզում ենք փոքր, տուրիստական ինքնաթիռների արտադրություն սկսել։ Արդեն իսկ կա առաջարկը, որ փորձ ունեցող 6-7 մասնագետների (զոդող և այլն) ուղարկենք Չեխիայում վերապատրաստման։ Չեխական կողմի շահերից էլ է բխում, որ օդանավակայանը գործի, որտեղ իրենց փոքր ինքնաթիռների փորաձարկումները կլինեն։ Կառավարության հետ  նույնպես քննարկումներ կան, մեր շահն էլ առաջնային նրանում է, որ օդանավակայանը վերանորոգվի և գործարկվի»։ Գրիգորյանը հավելում է, որ չեխական կողմի հաշվարկներով՝ այս ծրագրի իրականացման դեպքում Ստեփանավանում մինչև 100 աշխատատեղ կստեղծվի։

Շարունակելով օդանավակայանի թեման՝ նա նշում է, որ ՄԱԿ-ի UNDP-ի հետ համատեղ Ստեփանավանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային կից ֆակուլտետ է բացվելու, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան սովորել ավիացիային առնչվող մասնագիտություններ․ «Տեղը հատկացրել ենք, ավարտվել են շինարարական աշխատանքները, երեք լսարան ենք հատկացրել, նույնիսկ մինչև տարեվերջ կարող է գործի։ Այստեղ կարող են ուսանել ավիացիային առնչվող մասնագիտություններ»։

Խոսելով Արմանիսի բազմամետաղային հանքավայրի մասին՝ Գրիգորյանը նշում է, որ հանքը այս պահին չի աշխատում, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, հանքավայրի պատասխանատուներն էլ վստահեցրել են, որ նոր տեխնոլոգիաներ են կիրառելու․ «Իմ մոտեցումը լինելու է այսպես․ եթե լրիվ միջազգային չափանիշներին կհամապատասխանեցվի, մենք թույլ կտանք գործարկումը, չէ՝ ամբողջ համայնքով դեմ կկանգնենք և թույլ չենք տա։ Եթե բնապահպանական խնդիրներ պետք է առաջանան, միանշանակ դեմ կլինենք։ Ամեն դեպքում պետք է այդ համեմատականը դնենք, թե ինչքանով է գործելու, ինչ վնաս կհասցնի զբոսաշրջությանը, և դրա դիմաց ինչ ենք ստանալու։ Եթե տեսնենք, որ կան վնասներ, դեմ կլինենք»։

Հավելենք, որ Ստեփանավանի բնակիչները բազմիցս ահազանգել են, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր։ 

Ամփոփելով զրույցը՝ Գրիգորյանը ընդգծում է, որ ստեփանավանցիներն են որոշելու՝ ում պետք է ընտրեն, և վստահեցնում, որ իրենք պատրաստ են աշխատել․ «Շատ բաներ կարելի է կյանքի կոչել։ Իմ կարծիքով՝ ժողովուրդը շատ ըմբռնումով կմոտենա այդ ամենին և նաև իմ՝ տարբեր կառույցներւմ երկար տարիներ աշխատելու փորձն էլ պետք է դրական ազդեցություն ունենա»։ 

Ստեփանավանում նոյեմբերի 14-ին սպասվող ընտրություններին մասնակցելու է 3 քաղաքական ուժ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ համայնքի ներկայիս պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, «Բարգավաճ Հայաստանը»՝ Հարություն Ղարագյոզյանի գլխավորությամբ։ Ընտրություններին կմասնակցի նաև Հայ ազգային կոնգրեսը․ նախընտրական ցուցակը կգլխավորի Վանո Հակոբյանը։

2020 թ․-ի օգոստոսին Ստեփանավան համայնքի ավագանու 14 անդամներից 7-ը հրաժարական էին տվել, ինչից հետո ավագանու մյուս անդամները նիստ էին գումարել և արձակված էին համարել ավագանին։ Արտակարգ, ապա ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ստեփանավանում ավագանու արտահերթ ընտրություններ չէին նշանակվել։  

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել