ՀՀ ո՞ր համայնքներում 2022-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ
16:57 - 10 նոյեմբերի, 2021

ՀՀ ո՞ր համայնքներում 2022-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը այս տարվա նոյեմբերի 3-ին՝ Ազգային ժողովի պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնել էր, որ 2022 թ․-ին Հայաստանի Հանրապետության 24 համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։    

Infocom-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ճշտել է, թե գալիք տարվա ընթացքում որ համայնքներում են ՏԻՄ ընտրություններ նախատեսվում։

ԿԸՀ-ից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ հանձնաժողովը սպասվող ընտրությունների վերաբերյալ կարող է որոշակի կանխատեսում կատարել՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության  կանոնակարգումը, ըստ որի ՏԻՄ-երը ընտրվում են 5 տարի ժամկետով։

Այսպիսով,  2022 թ․-ին ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում այն համայնքներում, որտեղ վերջին անգամ ընտրություններ են անցկացվել  5 տարի առաջ՝ 2017թ․-ին։ Իսկ 5 տարի առաջ ընտրություններ են ացնկացվել հետևյալ համայնքներում․ Արագածոտնի մարզի Արագածավան, Ծաղկահովիտ, Ալագյազ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Շողակաթ, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Գյուլագարակ, Լոռի բերդ, Մեծավան, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Շնող, Կոտայքի մարզի Ակունք, Բյուրեղավան, Չարենցավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնք։ 

Անդրադառնալով հարցին, թե որ համայնքներում որ ընտրակարգով են անցկացվելու ՏԻՄ ընտրությունները, ԿԸՀ-ից հիշեցրել են Ընտրական օրենսգրքով սահմանված դրույթները,  որոնց համաձայն մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի ավագանու անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով, իսկ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ավագանու ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2022 թ.-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կիրառվող  ընտրակարգի վերաբերյալ կարող է կատարել որոշակի կանխատեսումներ՝ հիմք ընդունելով ընտրողների թվի վերաբերյալ այն տվյալները, որոնք առկա են եղել այդ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների 2017 թ․-ի  ընտրությունների ժամանակ։ Վերոգրյալի հաշվառմամբ՝ Արագածոտնի Ալագյազ, Գեղարքունիքի Շողակաթ և Լոռու մարզի Շնող համայնքներում կանխատեսվում է մեծամասնական ընտրակարգով համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրությունների անցկացում։ Մնացած համայնքներում կանխատեսվում է համամասնական ընտրակարգով համայնքների ավագանիների ընտրություններ»։

ԿԸՀ-ից տեղեկացրել են նաև, որ 2022 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին որոշում դեռ չի ընդունվել, որոշումն ընդունվելու դեպքում այն կզետեղվի ԿԸՀ պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Հայաստանի 6 մարզի 9 համայնքներում։ 

Նոյեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն ՀՀ 4 մարզի 5 համայնքներում, իսկ դեկտմբերի 5-ին՝ 9 մարզի 38 համայնքներում։

Նանե Ավետիսյան  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել