Կապանի ընտրություններում վարչական ռեսուրս է չարաշահվում գործադիրի կողմից, իսկ Հ1-ը խիստ ՔՊ-ամետ է լուսաբանում․ Դանիել Իոաննիսյան
18:24 - 13 նոյեմբերի, 2021

Կապանի ընտրություններում վարչական ռեսուրս է չարաշահվում գործադիրի կողմից, իսկ Հ1-ը խիստ ՔՊ-ամետ է լուսաբանում․ Դանիել Իոաննիսյան

Կապանի ընտրություններում վարչական ռեսուրս է չարաշահվում գործադիրի կողմից, իսկ Հ1-ը խիստ ՔՊ-ամետ է լուսաբանում այն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դանիել Իոաննիսյան։

«Նախ գործադիրը 9 միլիարդ դրամ է հատկացնում Կապանում ինչ-որ ծրագրերի համար: Բոլոր համայնքներից կառավարությունը որոշում է ընտրություններից մի քանի օր առաջ հենց Կապանին հատկացնել այդ գումարը: Ապա Հ1-ը սկսում է ինտենսիվ լուսաբանել գործադիրի այդ քայլը ու ոչ պակաս ինտենսիվ լուսաբանել Կապանին նախկին 3 տարում տրված այլ սուբվենցիաները:

Սուբվենցիաները տարիներով տրվում էին, բայց Հանրայինը հենց ընտրություններից առաջ է պատմում կառավարության կողմից Կապանին գումար հատկացնելու մասին: Իմիջիայլոց նույնը Հ1-ը անում է նախընտրական այլ համայնքներում:

Դրանից հետո Հ1-ն ու կառավարությունը ջանք չեն խնայում, որ հանրությանը ցույց տան, որ Կապանում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանը հենց կառավարության ներկայացուցիչն է: Նախ Դանիելյանը ուղեկցում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որով հստակ ցուցադրում է, որ ինքը ղեկավարության ներկայացուցիչ է: Սուրեն Պապիկյանը, իմիջիայլոց, բավականին ինտենսիվ է համատեղում պաշտոնական պարտականությունների կատարումը համայնքներում նախընտրական քարոզչության հետ՝ ցուցադրելով, որ համայնքներին աջակցող կառավարությունն ու թեկնածուներից մեկը նույնական են:

Վերադառնալով Հանրային հեռուստատեսությանը՝ հարկ է հիշատակել Կապանում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանի հարցազրույցին, որի ժամանակ Պետրոս Ղազարյանն իր հարցերով կրկին ամրապնդում էր այն թեզը, որ Դավիթ Դանիելյանը սուբվենցիաներ տվող կառավարության ներկայացուցիչն է:

Նույնիսկ ավելին՝ Հ1-ում Դանիելյանին գրեթե չտրվեց ՏԻՄ լիազորություններին վերաբերող որևէ հարց: Փոխարենը Պետրոս Ղազարյանը հարցերով բացեց այն քարոզչաթեզերը, որոնք Կապանում տանում է ՔՊ-ն: Հարցազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանը նույնիսկ որոշեց բոլոր հեռուստադիտողների համար դե-ֆակտո ընդգծել, որ ՔՊ-ի մրցակից Շանթ դաշինքի արտաքին քաղաքական գիծը Կապանի համար անվտանգային խնդիրներ է ստեղծելու:

Այս ամենի ֆոնին առավել հասկանալի է դառնում, թե ինչու էր Քաղաքացիական Պայմանագիրն այդքան դեմ, որ ընդլայնվեն վարչական ռեսուրսի չարաշահման արգելքի սահմանները, իսկ դրա որոշ դրսևորումները՝ քրեականացվեն»,- գրել է Իոաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել