Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը դատապարտում է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը
09:31 - 16 դեկտեմբերի, 2021

Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը դատապարտում է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը

Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը խստորեն դատապարտում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասի՝ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը։

2021 թվականի հունվարից առ այսօր խորհուրդն ինտենսիվորեն աշխատել է խորհրդի նախագահ Հայկ Մարությանի հետ և առաջարկել է նոր լուծումներ մայրաքաղաքի երիտասարդների խնդիրներին։ Համատեղ աշխատանքի արդյունքում Երևան համայնքն իր պատմության մեջ առաջին անգամ նախատեսել է համայնքի բյուջեից ֆինանսական միջոցներ հատկացնել երիտասարդական ծրագրերի իրականացմանը։ Արդեն իսկ ֆինանսավորվել են երիտասարդական նորարարական ծրագրեր, շուտով կձևավորվի քաղաքապետրանի Երիտասարդության հարցերի բաժինը և կզարգանա Երևանի երիտասարդական կենտրոնների ցանցը։

Համոզված ենք, որ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը չի բխում Երևանի բնակիչների և մասնավորապես Երևանի երիտասարդության շահերից։

Լինելով քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդ՝ երբևէ չենք ներգրավվել որևէ քաղաքական գործընթացում: Այնուամենայնիվ, կարևոր ենք համարում հայտարարել, որ մեր աջակցությունն ենք հայտնում Երևանի քաղաքապետին և կոչ ենք անում դադարեցնել այս գործընթացը, որի հաջողության արդյունքում կկասեցվեն մեկնարկած համակարգային բազմաթիվ բարեփոխումներն ու նախաձեռնությունները»,- նշված է Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհրդի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Կառավարող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա։

Ավագանում մի շարք անդամներ էլ արդեն հայտնել են, որ չեն միացել նախաձեռնությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել