Այս գործընթացի հետևանքով տուժում է երևանցին, և չի շահում ոչ ոք․ Գրիգոր Երիցյանը՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին
11:30 - 21 դեկտեմբերի, 2021

Այս գործընթացի հետևանքով տուժում է երևանցին, և չի շահում ոչ ոք․ Գրիգոր Երիցյանը՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին

Ես այս գործընթացին իրապես չեմ մասնակցել, որովհետև կարծում եմ՝ սա հակաժողովրդավարական գործընթաց է և չի բխում մեր ընտրողի՝ երևանցիների շահերից։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը։

«Իհարկե, օրինական գործընթաց է, ավագանին իրավունք ունի օրենքի տառին համապատասխան և ոգուն համապատասխան անվստահություն հայտնել քաղաքապետին, սակայն եթե գնային օրինական հարթություններով, նաև չէր լինի 2018 թ․-ի հեղափոխությունը, ինչի արդյունքում ձևավորվեց «Իմ քայլը» դաշինքը՝ իբրևէ հեղափոխական դաշինք, որի առաջին համարը քաղաքային ընտրություններում Հայկ Մարությանն էր»։

Երիցյանի կարծիքով՝ այդ  որոշումը նեղ կուսակցական է և չի բխում հանրության շահերից․ «Այստեղ մենք քննարկում ենք քաղաքական տարբեր օրակարգեր, բայց չենք քննարկում, թե ինչքանով է սա առհասարակ բխում մեր համաքաղաքացու շահերից, իսկ ես վստահ եմ, որ այս փոփոխությունը իր հետ բերելու է նոր ճգնաժամ, ոչ միայն ճանաչելով Հրաչյա Սարգսյանին, այլ նաև իմանալով, որ սա միայն քաղաքապետի փոփոխություն չէ, սա նաև բոլոր փոխքաղաքապետերի փոփոխություն է։ Սա ենթադրում է վարչական շրջանների ղեկավարների փոփոխություն, ենթադրում է վարչության պետերի փոփոխություն և համալրում իշխող կուսակցության ներկայացուցիչներով կամ իրենց մոտ կանգնած անձերով»,-ասաց Երիցյանը՝ նշելով, որ քաղաքն այդ ամենին պատրաստ չէ։

Ամփոփելով՝ Երիցյանը նշեց, որ այս գործընթացի հետևանքով տուժում է երևանցին և չի շահում ոչ ոք․ «Կարծում եմ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» նույնպես չի շահում այս գործընթացից, այս քաղաքական որոշումը կայացվում է հանրային աջակցության տոտալ բացակայության պայմաններում և նաև քաղաքական առումով շահավետ չէ կուսակցությանը, ուստի ես կարծում եմ՝ սրանք անձնական խնդիրներ են, որոնք բերվել են հանրային դաշտ, և անձնական խնդիրները պատասխանատու առաջնորդությամբ չլուծելու հետևանքով տուժում է մեր քաղաքացին»։

Գրիգոր Երիցյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր․ նա դեկետմեբերի 17-ին վայր էր դրել ավագանու անդամի մանդատը, իսկ ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։

Դեկտեմբերի 15-ին պարզ դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Խմբակցությունը այնուհետև հանդիպում էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառների մասին։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։ Դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին քաղաքապետին անվստահություն հայտնելու օրակարգով նիստ կգումարի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել