2019 թվականի մարտի 18-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզված հանգամանքների մասին:
Համաձայն դրանց՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկայում առանց համապատասխան թույլտվությունների հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների իրացմամբ զբաղվող մի քանի անհատ ձեռներեցներից առձեռն ստացվել են օրենքով սահմանված համապատասխան տուրքերն ու վճարները, սակայն դրանք չեն մուտքագրվել Երևանի քաղաքապետարանի տեղական տուրքերի հաշվառման ծրագրի տեղեկատվական բազայում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 9 անհատ ձեռներեցներ 2015-2018 թվականներին, տարբեր ժամանակհատվածներում գործունեություն ծավալելու ընթացքում, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում գործող գյուղատնտեսական արտադրանքի շուկայում սննդի կազմակերպման և իրացման, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների իրացման համար յուրաքանչյուր տարի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներին որպես տուրք առձեռն տվել են 41 հազարից մինչև 86 հազար ՀՀ դրամ գումար։
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2017թ․․ ընթացքում նշված շուկայում սննդի կազմակերպման և ալկոհոլային խմիչքների իրացմամբ զբաղվող անձանցից տուրքերի գումարներն առձեռն ստացել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի երկու մասնագետներ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
comment.count (0)