Անթույլատրելի է որեւէ կալանավորի թույլ տալ համայնքային որեւէ  ընտրության նպատակով բացակայել ՔԿՀ-ից․ նախարարն անդրադարձավ Վանաձորի ավագանու նիստին Մ․ Ասլանյանի մասնակցության հարցին
17:27 - 19 հունվարի, 2022

Անթույլատրելի է որեւէ կալանավորի թույլ տալ համայնքային որեւէ ընտրության նպատակով բացակայել ՔԿՀ-ից․ նախարարն անդրադարձավ Վանաձորի ավագանու նիստին Մ․ Ասլանյանի մասնակցության հարցին

Անցյալ դեկտեմբերին Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի անունով ստեղծված դաշինքը հաղթահարել էր անցողիկ շեմը՝ ստանալով ձայների 38,70 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 25.06 տոկոս, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը՝ 14,53 տոկոս, «Հայրենիք» կուսակցությունը՝ 4,48 տոկոս, և «Ապրելու երկիրը»՝ 4,29 տոկոս։

ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմինե Կյուրեղյանը նշեց, որ Մամիկոն Ասլանյան դաշինքին 15 մանդատ է վստահվել արդյունքում, նրա խոսքով՝ քաղաքացիների ակնկալիքը եղել է այն, որ հենց Ասլանյանն էլ կլինի քաղաքապետ․
«Անմիջապես հետո Ալսանյանին կալանավորելու գործընթաց է հետեւել։ Հաշվարկում կար այն, որ 15 մանդատը կդառնար 14, եթե նույնիսկ 2 մանդատ միանա, 16-16-ով քաղաքապետ չեն ընտրի, որովհետեւ նա ձեր ուզած քաղաքապետը չէ։ Մինչեւ հիմա այդ մարդուն քրեակատարողական հիմնարկում եք պահում, չնայած այս դեպքում կալանավորումը կարելի էր որպես խափանման միջոց չօգտագործել»,- ասաց Կյուրեղյանը, եւ, դիմելով Արդարադատության նախարարին՝ մեջբերեց ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածը, որի 4-րդ կետի համաձայն՝ ՏԻՄ մարմիններ ընտրվելու եւ ընտրելու իրավունք չունեն դատարանի օրինական վճռով դատապարտվածները․ այդ ցանկի մեջ, Կյուրեղյանի խոսքով, Մամիկոն Ասլանյանը չի մտնում, ուստի նա պետք է մասնակցի ավագանու առաջին նիստին՝ որպես ընտրող եւ ընտրվող։ Նա  հարց հնչեցրեց՝ մասնակցելո՞ւ է արդյոք Ասլանյանն այդ նիստին, ո՞վ է ապահովելու նրա մասնակցությունը, ի՞նչ մեխանիզմներով։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով հարցի քաղաքական մասին, նշեց, որ բազմաթիվ տեղերում ընտրվել են իշխանական ուժը չներկայացնող համայնքապետեր, եղել են համայնքներ, որտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածում ունեցել է 40-ից ավելի տոկոս, բայց ընտրվել է մեկ այլ թեկնածու․

«Ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին՝ այստեղ նույնիսկ կար հարցում ՄԻՊ-ին, թե ինչպես կարող է ՔԿՀ-ն ապահովել մարդու ընտրվելու իրավունքը։ Մենք սա գրել ենք ՄԻՊ-ին, փաստաբանին, որ օրենսդրությունը որեւէ կերպ չի նախատեսում սահմանադրական այդ իրավունքի իրացումն այն դեպքերում, երբ անձը կալանքի տակ է։ Կան թույլտվության մեխանիզմներ, թե մարդը, որը կալանավորված է, երբ կարող է լքել ՔԿՀ-ն։ Մենք ՄԻՊ-ին ներկայացրել ենք, որ, ցավոք, ՔԿՀ ղեկավարը, կամ Արդարադատության նախարարն իրավասու չեն մեկնաբանել կամ կոնկրետ քայլ անել, որը դուրս է իրենց լիազորություններից։ Նախարարության իմաստով ուղղակի անթույլատրելի է որեւէ կալանավորի թույլ տալ որեւէ համայնքային ընտրութան նպատակով բացակայել ՔԿՀ-ից»,- ասաց Կարեն Անդրեասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել