Տիգրան Ավինյանն ընտրվել է ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
15:36 - 21 հունվարի, 2022

Տիգրան Ավինյանն ընտրվել է ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը։ Այն բացեց Խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու համար, Յու.Սարգսյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության վերաբերյալ։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կայքէջից:

Հոգաբարձուների խորհրդի անդամ, Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը, որից հետո տեղի ունեցան ելույթներ։

Պաշտոնի առաջադրումը պաշտպանեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը, համալսարանի էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր Կառլեն Բեգոյանը։ Ելույթներից հետո տեղի ունեցավ քվեարկություն և Հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ հաստատվել էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել