Ինձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած էր. Արթուր Վանեցյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարանի մասին |armeniasputnik.am|
00:26 - 24 հունվարի, 2022

Ինձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած էր. Արթուր Վանեցյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարանի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Արմեն Սարգսյանը, Վանեցյանի համոզմամբ, իր պաշտոնավարման ընթացքում չի արել այնպիսի քայլեր, որոնք կարող էին ճնշումներ բանեցնելու պատճառ դառնալ։

«Քաղաքական առողջ տրամաբանության շրջանակներում բավական բարդ է, եթե չասեմ՝ անհնար է ընկալել Հայաստանի ներկա իշխանության վարքագիծն ընդհանրապես, հետևաբար այժմ ամենևին տեղին չեմ համարում մանրամասն անդրադառնալու Արմեն Սարգսյանի հրաժարականին»,- հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Ինձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած է կամ այլևս ոչ կարևոր և, ըստ էության, մեր պետության առջև ծառացած ոչ մի խնդիր չլուծող։ Ակնհայտ է, որ արդեն նախկին նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված թեկուզ նվազագույն լիազորությունները մեր պետության համար դժվարագույն վիճակներում և ամենակարևոր գործընթացներում չի իրականացրել»։

Ըստ նրա՝ ժամանակին այդ լիազորությունները Արմեն Սարգսյանը համարում էր ոչ բավարար կամ նվազ արդյունավետ, մինչդեռ շատ կոնկրետ դեպքերում դրանք կարող էին լիարժեքորեն բավարարել մեր պետության առջև ծառացած ճգնաժամային խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար։ Դա էլ իր հերթին կարող էր կանխել այն աղետալի զարգացումները և իրավիճակը, որն այսօր ունենք։

Վանեցյանի կարծիքով՝ հաշվի առնելով այս ամենը, շատ քիչ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, թե եղե՞լ են կամ չեն եղել ճնշումներ Արմեն Սարգսյանի նկատմամբ։ Բացի այս, Արմեն Սարգսյանը, նրա համոզմամբ, իր պաշտոնավարման ընթացքում չի արել այնպիսի քայլեր, որոնք կարող էին ճնշումներ բանեցնելու պատճառ դառնալ։ Նա մշտապես ակտիվ համագործակցել է Նիկոլ Փաշինյանի հետ և հիմնականում կատարել վերջինիս բոլոր քմահաճույքները։

«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության նախագահի մեր հնարավոր թեկնածուին, ապա ընդամենը ժամեր առաջ է տեղի ունեցել հրաժարականը, ուստի հարցը դեռ պետք է քննարկվի իմ ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունում և «Պատիվ ունեմ» խմբակցությունում, ինչի համար բնականաբար ժամանակ է անհրաժեշտ»,-նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել