Զելենսկին Բայդենին հրավիրել է Կիև․ կայացել է նախագահների հեռախոսազրույցը
10:11 - 14 փետրվարի, 2022

Զելենսկին Բայդենին հրավիրել է Կիև․ կայացել է նախագահների հեռախոսազրույցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։

«Նախագահ Բայդենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Բայդենը հստակեցրել է, որ Միացյալ Նահանգները իր դաշնակիցների և գործընկերների հետ արագ ու վճռականորեն կպատասխանի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիայի:

Երկու ղեկավարները պայմանավորվել են, որ կարևոր է շարունակել դիվանագիտության և զսպման գործողությունների շարունակականությանը հետամուտ լինելը՝ ի պատասխան Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի կողմից ռազմական ուժի կուտակման»,- նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաև Ուկրաինայի նախագահ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ ղեկավարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը. փոխանակվել են առկա տեղեկություններով, գնահատականներով, քննարկվել են դեէսկալացիայի ուղիները։ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ ուկրաինական կողմը հասկանում է առկա բոլոր ռիսկերը և պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։

«Մենք կդադարեցնենք Ուկրաինայի նկատմամբ ցանկացած էսկալացիա։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը, մեր պետության մյուս քաղաքները՝ Խարկովն ու Լվովը, Դնեպրն ու Օդեսան, ապահով և հուսալի պաշտպանության տակ են»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Ուկրաինայի նախագահը ընդգծել է ԱՄՆ-ի և մյուս գործընկերների ձեռնարկած քայլերը, որոնք շարունակում են արդյունավետ աջակցություն ցուցաբերել։

«Մենք դա զգում ենք։ Եվ մենք հույս ունենք, որ, ի թիվս այլ բաների, դա կօգնի կանխել խուճապի տարածումը»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Միացյալ Նահանգների անմնացորդ աջակցության համար և նշել անվտանգության արդյունավետ երաշխիքների տրամադրման կարևորությունը։

«Մենք պատրաստ ենք դրանք քննարկել տարբեր ձևաչափերով»,- ասել է Վլադիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ Եվրոպայում անվտանգություն չի կարող լինել առանց Ուկրաինայի անվտանգության։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան հանդես է գալիս բացառապես հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Ուշադրություն է դարձվել առկա բանակցային բոլոր ձևաչափերի շրջանակներում դեէսկալացիայի և խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Վլադիմիր Զելենսկին նշել է Ուկրաինային միջազգային աջակցությունը համախմբելու Միացյալ Նահանգների ջանքերի կարևորությունը։ Նա բարձր է գնահատել անվտանգության և պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի հետ ակտիվ համագործակցությունը, որը նպաստում է Ուկրաինայի ԶՈՒ կարողությունների ամրապնդմանը։

«Մենք դեռ ՆԱՏՕ-ի անդամ չենք։ Ուստի միայն ուժեղ ուկրաինական բանակն է մեր պետության անվտանգության բանալին»,- ընդգծել է նախագահը։

Առաջնորդները քննարկել են նաև պատժամիջոցները Ռուսաստանի կողմից ագրեսիայի սրման դեպքում։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև ընթացիկ մարտահրավերների ֆոնին Ուկրաինայի ֆինանսական և էներգետիկ կայունության բարելավման հարցը։

Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին աջակցության համար և հրավիրել նրան այցելել Ուկրաինա. «Համոզված եմ, որ ձեր ժամանումը Կիև առաջիկա օրերին, որոնք որոշիչ են իրավիճակի կայունացման համար, հզոր ազդանշան կլինի և կնպաստի լարվածության թուլացմանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել