armenpress.am։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզում կայացած ներդրումային-տնտեսական համաժողովի ժամանակ կայացած պանելային քննարկման ընթացքում հնչեցված հարցին ի պատասխան, շեշտեց, որ վերականգնվող էներգետիկայի համար կատարվող հողհատկացումները ոչ մի կերպ չեն արվելու գյուղատնտեսական արտադրություն ապահովող հողերի հաշվին:
«Մենք ունենք տասնյակ հազարավոր հեկտարների հասնող վարելահողեր, որոնք գյուղմթերքների արտադրության տեսանկյունից հսկայական նշանակություն ունեն, ուստի մենք չենք պատրաստվում ողջ մարզը ծածկել արեւային էներգիայի արտադրության պանելներով կամ հողմային կայաններով: Միեւնույն ժամանակ մեզ մոտ քիչ չեն այն տարածքները, որոնք քարքարոտ են, գյուղատնտեսական նշանակության համար ոչ պիտանի, որոնք էլ կարող են ծառայել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը:
Հայաստանի քաղաքների մեջ ամենաարեւոտ օրերի քանակ ունեցող քաղաքը համարվում է Մարտունին, մեր մարզը եւս ամենաարեւոտ օրերի քանակով առաջին տեղում է, ու մենք պետք է լավագույն օգտագործենք այդ հնարավորությունները, սակայն դա չպետք է անենք գյուղատնտեսական արտադրություն ապահովող հողերի հաշվին»,- ասաց Գնել Սանոսյանը:
comment.count (0)