lragir.am։ Հարցազրույց փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի հետ։
Այսօր մեկնարկում է մարտի 1-ի գործով դատավարությունը, որը շատերը համարում են դարի գործ։ Ձեր կարծիքով, իսկապես կարող է շրջադարձային լինել այս դատավարությունը պետության կյանքում, այդ թվում իրավական պետություն կառուցելու ճանապարհին։
Իրավական պետություն կառուցելու առումով դատավարությունը կարևոր է, որովհետև շատերը կհասկանան, որ իշխանություն լինել չի նշանակում ինչ ուզել անել։ Սա նաև դաս կլինի մնացածներին, որ հասկանան, որ երկրում օրենքի գերակայությունը պետք է պահպանվի։ Դարի գործ լինելու հանգամանքն էլ ընդունում եմ, որովհետև քիչ է պատահում, որ նախագահներ են դատում, այն էլ այսպիսի մեծամասշտաբ գործողություն իրականացնելու և արդյունքում ծանր հետևանք՝ 10 զոհ ունենալու մեղադրանքներով։
Ես գիտեմ, որ այս գործը կուղեկցվի լուրջ և լարված իրավիճակներով, պաշտպանական թևը և մեղադրանքի կողմն իրար հետ գուցե նաև իրավական հարթության վրա շատ քննարկելու բան կունենան։ Էլ չեմ ասում, որ պաշտպանական թևը բոլոր մանր-մունր հարցերը կօգտագործի իրենց պաշտպանությունը հանրությանն առավել արդյունավետ ներկայացնելու համար։ Ես կարծում եմ, որ մանր հարցերով կփորձեն հասարակության ուշադրությունը սևեռել բաների վրա, որոնք իրական չեն առաջադրված մեղադրանքները գնահատելու առումով։
Մենք կունենա՞նք այդ գործի բացահայտում՝ հաշվի առնելով, որ ցուցմունքներից պարզ է դառնում, որ դրանցում վկայակոչում են Գորիկ Հակոբյանին, Միքայել Հարությունյանին, մարդիկ, որոնք կամ մահացել են, կամ Հայաստանում չեն։ Մենք կարո՞ղ ենք ակնկալել ամբողջական բացահայտում։
Գիտեք, ընդամենը ամբողջական կարող է չլինել այն առումով, որ եթե կան մարդիկ, որոնք մահացել են և նրանց խոսքը չենք լսել, իհարկե, նաև նրանց խոսքն է կարևոր։ Բայց ասել, որ նրանց խոսքից մեծ բան է կախված, ես այդ կարծիքին չեմ, որովհետև այն անձինք, որոնց նկատմամբ մեղադրանքներ կան կամ կասկածյալի կարգավիճակում են, նրանք ունեն գործառույթներ, որոնք չեն կատարել, կամ հակառակը՝ ծառայական շահերին հակառակ են կատարել։ Երբ փաստահավաք խումբը Գորիկ Հակոբյանից որոշակի պարզաբանումներ էր խնդրում, զգացվում էր, որ նա ակնհայտորեն խուսափում է այդ կապակցությամբ ուղղակի պատասխաններ տալուց։
Ասել, որ ԱԱԾ-ն այդ օրերին իր գործի վարպետն է եղել կամ զբաղվել է իր գործով, ես իհարկե, համաձայն չեմ, որովհետև 2008-ին ԱԱԾ-ն ավելի շատ ենթարկվել է Քոչարյանին և կատարել է նրա հրահանգները՝ ապահովելով Քոչարյանի և նրա իրավահաջորդների աթոռն ամուր պահելը։ Սա ազգային անվտանգության տեսանկյունից նույնպես խոցելի խնդիր է և, կարծում եմ, որ այդ հարցերը նույնպես կդառնան քննության առարկա, որովհետև վերջին հաշվով «մարտի 1»-ի նախահարձակ լինելու հիմքում փորձում են օգտագործել իբր ԱԱԾ-ում եղած տեղեկատվությունը ժողովրդի մեջ ծավալված խմորումների, զինված լինելու առումով։ Մինչդեռ մենք կարծում ենք, որ նմանատիպ տեղեկատվություն չի եղել, դրանք սարքվել են։
Այո, շատ կարևոր էր, որ ԱԱԾ ղեկավարը մեզ մտահոգող հարցերի վերաբերյալ տար պարզաբանումներ, բայց դրանով չի թուլանա այն մեղադրանքը, որ առաջադրվել է և դրանով չի թուլանա ԱԱԾ-երկրի նախագահ կապը։
Ավելին կարդացեք՝ lragir.am-ում
comment.count (0)