Ճամպրուկային տրամադրություններ Ռուսաստանի ՏՏ ոլորտում․ «Կոմերսանտ»
17:57 - 03 մարտի, 2022

Ճամպրուկային տրամադրություններ Ռուսաստանի ՏՏ ոլորտում․ «Կոմերսանտ»

Ուկրաինայում ընթացող պատերազմի և դրա հետևանքով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման ֆոնին ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունները դիտարկում են օպերատիվ կերպով արտասահման տեղափոխվելու հնարավորությունն՝ ակտիվորեն այս հարցը քննարկելով իրավաբանների հետ, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։ Դրան կարող է խանգարել մարտի 1-ից ուժի մեջ մտած օրենքը, որով ՌԴ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է արտարժույթ դուրս բերել երկրից։ Սակայն անգամ եթե տեղափոխումը հաջողվի, շուկայի մասնակիցները մտավախություններ ունեն լրացուցիչ դժվարությունների առնչությամբ։

Վերջին մեկ շաբաթում զգալիորեն ավելացել են ՏՏ ոլորտի ընկերությունների դիմումներն իրավաբանական ընկերություններին, «Կոմերսանտին» հայտնել են իրավաբանական ոլորտի ներկայացուցիները։

Բազմաթիվ հարցեր են առաջացել այն մասին, թե ինչպես բիզնես վարել փոփոխված հանգամանքներում, ասում է իրավաբան Սերգեյ Կովալկովը։ Նրա խոսքով՝ փոքր բիզնեսն ավելի շատ է դիմում, քանի որ խոշոր ընկերություններն իրենց իրավաբաններն ունեն․

«Հարցերը վերաբերում են նրան, թե ինչպես շարունակել աշխատանքն օտարերկրյա գործընկերների հետ, արդյոք պետք է դրա համար փոխել կորպորատիվ կառուցվածքը, թե նոր իրավաբանական անձ բացել արտասահմանում»։

«Մեզ դիմող ընկերությունների մեծ մասը խնդրում է վերլուծել ռիսկերը, որոնք կապված են սարքավորումների արտադրանքի և բիզնեսի կառուցվածքի հետ՝ արտասահմանյան ընկերությունների հետ աշխատանքն առանց պատժամիջոցների շարունակելու համար», - հաստատում է իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Յարոսլավ Շիցլեն։

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, մասնավորապես, սպառնում են արտասահմանյան ծրագրային ապահովման, միկրովերահսկիչների և կիսահաղորդիչների գնման հնարավորությանը, որոնց համարժեքը չկա ռուսական շուկայում։ Յարոսլավ Շիցլեն նշում է, որ բիզնեսի «մասնատումն» ուղեկցվելու է նրանով, որ գործառույթների մի մասը փոխանցվելու է մերձավոր և հեռավոր արտասահմանի երկրներին։ Ուկրաինայում շարունակվող պատերազմի և արևմտյան պատժամիջոցների ֆոնին ռուսաստանյան ՏՏ ոլորտի աշխատակիցներն արդեն համակարգում են ջանքերը՝ երկիրը լքելու համար։ Խոշոր ընկերությունները նույնպես ձգտում են Ռուսաստանից դուրս բերել իրենց աշխատակիցներին։

Իրավիճակը կարող է բարդացնել այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 28-ի երեկոյան երկրի քաղաքացիներին և ընկերություններին արգելել է արտարժույթ դուրս բերել։

Անգամ 15-20-հոգանոց ընկերությունների ռելոկացիան ծախսատար և բարդ գործ է, նշում է իրավաբան Ալեքսանդր Շարապովը։ Եթե խոսքը Եվրամիություն տեղափոխվելու մասին է և անհրաժեշտ է աշխատանքային վիզաների ստացում, ապա միջինում տեղափոխվելը զբաղեցնում է շուրջ կես տարի։ Աշխատակիցների համար բնակարանի որոնումը, նոր գրասենյակի վարձակալությունն ու փաստաթղթերի ձևակերպումը ծախսեր է պահանջում։

«Իսկ ընթացիկ իրավիճակում հնարավոր է, որ ընկերությունները ստիպված լինեն փողերը դուրս բերել բառացիորեն կանխիկով լցված ճամպրուկներով»։

Մեկ այլ, ավելի հասանելի միջոցն, ըստ իրավաբանի, կապիտալը կրիպտոարժույթի վերածելն է և արդեն գումարների ստացումն արտասահմանում։ Մարդիկ արդեն ակտիվորեն զբաղվում են դրանով, բիթքոյինը շուկայական կապիտալիզացիայով առաջ է անցել հիմնական կրիպտոարժույթների մեծ մասից, դրա եկամտաբերությունը 24 ժամում կազմել է  15%, պատմել է «Ամեն ինչ բլոկչեյնի, ուղեղի և Web 3.0-ի մասին» Տելեգրամ-ալիքի հիմնադիր Անի Ասլանյանը։

Ընդ որում, շուկայի մասնակիցները խոստովանում են, որ կոսմետիկ միջոցներով ամեն ինչ չի կարգավորվի։ Պատժամիջոցները շրջանցելու ցանկացած փորձ խստորեն կասեցվելու է արտասահմանյան երկրների իշխանությունների կողմից, վստահ է «Կոմերսանտի» զրուցակիցներից մեկը․ «Այս հարցում նրանք արդեն մեծ փորձ ունեն Իրանի օրինակով, բոլոր մեխանիզմները հայտնի են»։ Իրապես տեղափոխվելն Արևմուտքում կողջունեն, կարծում է նա, քանի որ պատժամիջոցների նպատակը հենց ՌԴ տնտեսության թուլացումն է։

Սակայն բնավ ոչ բոլորն են ջերմ ընդունելության սպասում։

Ռուսական ընկերությունների նկատմամբ խիստ վերաբերմունք արևմտյան գործընկերներն ունեին նաև ուկրաինական իրադարձություններից առաջ, պնդում է ГК DZ Systems ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Զավալիշինը։

«Անգամ եթե համագործակցությունը տեղափոխվի արևմտյան ենթադատության տարածք, ապա մեծ է այն ռիսկը, որ մեզ կներկայացնեն անսպասելի պահանջներ, օրենսդրությամբ չնախատեսված պատժամիջոցներ, իսկ օրենքներն ու կանոններն այլ կերպ կմեկնաբանվեն, քան ուրիշների դեպքում»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել