Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել
15:11 - 07 մարտի, 2022

Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել

Այսօր Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցությունն է եղել։ Քաղաքապետարանի լրատվական բաժինը ներկայացնում է քննարկման արդյունքները։

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետը նախ շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Երևանի Շենգավիթի մարզադպրոցի սաներին՝ ի դեմս դպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանի, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող «Մեգամիթ 2022» մրցումներում հաջողություններ գրանցելու առթիվ: Հայաստանցի հինգ պատանի ցատկորդները քառօրյա առաջնության ընթացքում նվաճել են հինգ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ։ Քաղաքապետ Սարգսյանը շնորհավորել և մարզական նորանոր ձեռքբերումներ է մաղթել նաև Երևանի քաղաքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Վահագն Դավթյանին ու սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականի մյուս անդամներին՝ Դոհայում ընթացող Գավաթի խաղարկությունում գրանցած արդյունքների համար: Վահագն Դավթյանն, ի դեպ, օղակների վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր:

***
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել: Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է շատրվանների կառուցման համար նախագծման մրցույթ հայտարարել: Միևնույն ժամանակ նշվել է, որ տարածքի ջրամատակարարման հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, քանի որ Գետառի մեջ թափվող մետրոյի ջրերը կարող են ծառայել հենց այդ նպատակին:

***
Երևանյան բոլոր շենքերը կունենան հասցեագրման միանման ցուցանակներ: Հանձնարարվել է ծրագիրը մեկնարկել ծայրամասային վարչական շրջաններից և համալիր լուծում տալով շարժվել առաջ:

***
Մայրաքաղաքի փողոցների ոչ պիտանի գովազդային վահանակները ապամոնտաժելու համար իրականացվում են գույքագրման աշխատանքներ: Քաղաքապետ Սարգսյանն առաջարկել է գովազդի թույլտվությունների ժամանակ տրամադրել նաև QR կոդեր, ինչը ճշգրիտ հաշվառում իրականացնելու և դաշտը վերահսկելի դարձնելու հնարավորություն կտա:

***
Երևանի քաղաքապետի առաջարկությամբ ԵՄ կառույցների հետ համատեղ նախատեսվում է արևային կայաններ տեղադրել նաև քաղաքապետարանի երկու վարչական շենքերի և Շենգավիթ մարզադպրոցի տանիքներին: Զեկուցվել է, որ «Քաղաքապետների Դաշնագիր» նախաձեռնության շրջանակում «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրով երևանյան ավելի քան 90 շենքերում ավարտվել են արևային ֆոտովոլտային վահանակների ու լուսավորության համակարգերի տեղադրման աշխատանքները: Ընթացքում է ՖՎ կայանների էլեկտրական մոնտաժի և ցանցին միացման գործընթացը:

***
Թափոնների տեսակավորման գործընթացը մայրաքաղաքում առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կավելացվեն աղբի տեսակավորման աղբամանները: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները մեկնարկել Դավթաշեն վարչական շրջանից՝ առկա բոլոր աղբամանների կողքին տեղադրելով նաև տեսակավորման թափոնամաններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել