Բարձր գներ և չեղարկված ամրագրումներ․ ինչպե՞ս է ազդելու ուկրաինական պատերազմը համաշխարհային զբոսաշրջային ոլորտի վրա
19:39 - 07 մարտի, 2022

Բարձր գներ և չեղարկված ամրագրումներ․ ինչպե՞ս է ազդելու ուկրաինական պատերազմը համաշխարհային զբոսաշրջային ոլորտի վրա

Այս տարի ակնկալվում էր համաշխարհային զբոսաշրջային ոլորտի վերականգնում, որը մեծապես տուժել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Սակայն Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է փոխել դա, գրում է CNN պարբերականը, որի հրապարակած հոդվածը ներկայացնում ենք ստորև։

Covid-19-ի բերած սահմանափակումների հետևանքով երկու տարի շարունակ այս ոլորտի կրած զրկանքներից հետո ավիաուղիներն ու զբոսաշրջային ընկերությունները կրկին բախվում են փակ երկնքի, չվերթների չեղարկումների հեռանկարին և անորոշությանը միջազգային զբոսաշրջության ոլորտում։

Ներկա պահին ավելի քան 30 երկրներ փակել են իրենց օդային տարածքը Ռուսաստանի համար, Մոսկվան պատասխանել է նույն կերպ։ Ռուսաստանի Քաղավիացիայի ծառայությունը մարտի 1-ի դրությամբ փակել է երկինքը նվազագույնը 37 երկրների ավիափոխադրողների համար։ Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի մի հատվածի օդային տարածքը նույնպես դեռ փակ է։

Կարճաժամկետ հեռանկարում սա նշանակում է չվերթների չեղարկում կամ օդային երթուղիների փոփոխում։ Սակայն զբոսաշրջային ոլորտի համար երկարաժամկետ հետևանքները կարող են շատ ավելի մասշտաբային լինել։

 

Վառելիքի գների աճը բերելու է ճամփորդությունների արժեքի բարձրացման

Անմշակ նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են գրանցել, քանի որ նեդրողները մտահոգվում են, որ Ռուսաստանից էներգակիրների արտահանումը կարող է սահմանափակվել կամ դադարեցվել ուկրաինական հակամարտության հետևանքով։

Գների այս բարձրացումը թանկացնելու է ցանկացած տիպի ճամփորդություն։ Իսկ ավելի երկար օդային երթուղիներին զուգահեռ, որոնք ավելի շատ վառելիք են պահանջում Ռուսաստանի փակ օդային տարածքը շրջանցելու համար, բարձր գներն, ի վերջո, կհարվածեն սպառողների գրպանին։

Եվրոպայի խոշորագույն Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ Ասիայով շրջանցիկ ուղիներն ամսական արժենալու են մինչև տասը միլիոն եվրո։ Մարտի 3-ին  ընկերության եկամուտների մասին հաշվետվությունը լրագրողներին ներկայացնելիս ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեմկո Շտեյնբերգենն ասել է, որ ավիափոխադրողը ստիպված է բարձրացնել տոմսերի գները՝ վառելիքի գների աճն ու մյուս ծախսերը փոխհատուցելու համար։

Գների կտրուկ բարձրացումը կարող է հանգեցնել պահանջարկի նվազեցման, և սա վատ լուր է մի ոլորտի համար, որն արդեն զրկանքներ է կրում համավարակի, ինչպես նաև արժեզրկման պատճառով։

Անվտանգության վերաբերյալ մտահոգությունները կարող են նվազեցնել պահանջարկը

Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA),  զգուշացրել է Ուկրաինայի սահմանին մոտ թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար «բարձր ռիսկի» մասին։ Ռուսաստանի, Բելառուսի, Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի օդային տարածքը նույնպես ռիսկի գոտում է։

Ճամփորդողների և ինքնաթիռների անձնակազմերի մեծ մասի համար, որոնք արդեն մտահոգություններ ունեին կորոնավիրուսի առնչությամբ, հակամարտության գոտու մերձակայքով թռչելու գաղափարը կարող է անտանելի լինել։

«Ըստ ամենայնի, Ռուսաստանին մոտ ուղղությունները կտուժեն, քանի որ ուղևորները կվախենան պատերազմի մոտիկությունից, անգամ եթե դա իռացիոնալ է, քանի որ Ռուսաստանի կողմից հայտարարված սպառնալիք չկա», - CNN-ին ասել է ForwardKeys զբոսաշրջային հարցերի վերլուծության ընկերության փոխնախագահ Օլիվիե Պոնտին։

«Ամերիկյան շուկան, ըստ երևույթին, մեծապես կխուսափի այցելել Արևելյան Եվրոպա, ինչպես նաև Արևմտյան Եվրոպա, թեև պակաս չափով», - հավելել է նա։

Covid-19-ը դեռ գոյություն ունի, և փախստականների հետ կապված ճգնաժամը կարող է վատթարացնել իրավիճակը

Մենք դեռևս ապրում ենք համավարակի պայմաններում՝ տարբեր երկրների ճամփորդական և կարանտինային սահմափանփակումներով։ Զբոսաշրջային ընկերությունները կոչ էին անում երկրների կառավարություններին չեղարկել ուղևորությունների կորոնավիրուսային սահմանափակումները, քանի որ պատվաստված հասարակությունները հույս ունեին վերադառնալու «նորմալ կյանքի»։ Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակն ու փախստականների հետ կապված ճգնաժամը կարող է նպաստել կորոնավիրուսի տարածմանը։

«Մարդիկ հավաքված են միասին, սթրեսի մեջ են և հարկ եղած ձևով չեն սնվում, չեն քնում։ Նրանք շատ խոցելի են վարակի համար։ Եվ մեծ է հավանականությունը, որ հիվանդությունը կտարածվի», - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մայք Ռայանը։

ՄԱԿ Փախստականների գործակալության տվյալներով՝ ավելի քան երկու միլիոն մարդ ստիպված է լքել իր տունը և, որոշ գնահատականներով, «մինչև չորս միլիոն մարդ կարող է լքել Ուկրաինան մոտակա շաբաթների ընթացքում, եթե հակամարտությունը շարունակվի»։ Վարակի տարածումը հարևան երկրներում կարող է ազդել կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկման որոշման վրա, ինչը կազդի զբոսաշրջային ոլորտի վրա։

Զբոսաշրջությունից ստացվող եկամտի կորուստ

 

Ռուսաստանի զբոսաշրջային ընկերությունների ասոցիացիայի տվյալներով՝ 2021 թ-ին ռուսաստանցիներն ավելի քան 10,1 մլն զբոսաշրջային այց են կատարել արտասահման։ Կազմակերպությունը նշել է, որ զբոսաշրջային հոսքերի 46,5%-ը բաժին է ընկել Թուրքիային, ռուսաստանցի զբոսաշրջիկներն անցյալ տարի 4,7 մլն այց են կատարել այդ երկիր։

Եվ, ըստ ամենայնի, այդ զբոսաշրջային գումարները դեռ ստացվելու են նաև 2022 թ-ին։ ForwardKeys ընկերության վերջին տվյալներով՝ Ուկրաինա ներխուժումից առաջ ռուսաստանցիների կողմից չվերթների ամրագրումները վերականգնվել էին մարտի, ապրիլի և մայիսի համար նախահամավարակային փուլի 32%-ի չափով։ Ամենաշատ ամրագրումները բաժին էին ընկնում Թուրքիային, ԱՄԷ-ին, Մալդիվներին, Թաիլանդին։

Այս ամենը փոխվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը պատերազմ սանձազերծեց իր հարևան երկրի դեմ։ ForwardKeys ընկերության տվյալներով՝ փետրվարի 24-26-ին ամրագրումների չեղարկման ամենաբարձր ցուցանիշներն ունեցող ուղղությունները եղել են Կիպրոսը (300%), Եգիպտոսը (234%), Թուրքիան (153%), Մեծ Բրիտանիան (153%), Հայաստանը (200%) և Մալդիվները (165%)։ Ռուս զբոսաշրջիկների բացակայությունը մեծ հարված կհասցնի զբոսաշրջությունից մեծապես կախված այս պետություններին։

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել