Հայաստանում ապաստանած ռուսաստանցի մասնագետների մասին․ The New York Times-ի անդրադարձը
22:23 - 20 մարտի, 2022

Հայաստանում ապաստանած ռուսաստանցի մասնագետների մասին․ The New York Times-ի անդրադարձը

Գլխավոր լուսանկարը՝ The New York Times-ի, Երեւանի «Lumen» սրճարան

Ամերիկյան The New York Times պարբերականը հոդված է գրել ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով ՌԴ-ից Հայաստան տեղափոխված ռուսաստանցի տարբեր մասնագետների մասին։ Հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին։

 

«Հայաստանի մայրաքաղաքի «Lumen» սրճարան ռուսաստանցիները գալիս են, հենց բացվում են դռները, սուրճ են պատվիրում, բացում Apple նոութբուքերն ու փորձում կողմնորոշվել, թե ինչպես նոր կյանք սկսել, երբ դրա համար տարբերակները գնալով նվազում են։

Սրճարանում հնչող ֆոնային երաժշտությունը և արևի շողերով լուսավորված հանգիստ միջավայրը արմատապես տարբերվում է նրանից, թե ինչպես են նրանք հապճեպ լքել սեփական երկիրը՝ թողնելով ծնողներին, ընտանի կենդանիներին և զրկվելով տանը լինելու զգացողությունից, երբ անցյալ ամիս Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։

«Այս պատերազմը մի բան էր, որն, ինչպես կարծում էի, երբեք չի կարող լինել, - ասում է 29-ամյա մոսկվացի Պոլինա Լոսևան, որը մասնագիտությամբ վեբ-դիզայներ է և աշխատում է ռուսաստանյան ՏՏ ընկերությունում, որի անունը չի ցանկացել նշել։ - Երբ ամեն ինչ սկսվեց, ինձ թվաց, որ հիմա ամեն ինչ հնարավոր է։ Արդեն հիմա մարդկանց բանտ են նստեցնում Ֆեյսբուքում ինչ-որ անմեղ գրառումների համար։ Հեռանալն ավելի անվտանգ էր»։

Սա ուրիշ արտագաղթ է․ տասնյակ հազարավոր երիտասարդ, քաղաքներում ապրող բազմալեզու մասնագետներ կարող են հեռավար աշխատել ցանկացած վայրից, նրանցից շատերն աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կամ ֆրիլանսերներ են ստեղծագործական ոլորտներում։

Ռուսաստանը կորցնում է հեռանկարային երիտասարդ մասնագետների, որոնք գլոբալ տնտեսության մի մասն էին, որը խզում է կապերն նրանց երկրի հետ։

Պաշտոնական տվյալներով՝ պատերազմի մեկնարկից առաջ շուրջ 3000-4000 ռուսաստանցի է Հայաստանում գրանցված եղել՝ որպես աշխատող։ Սակայն ներխուժմանը հաջորդած երկու շաբաթում գրեթե ամեն օր այս փոքրիկ երկիր է ժամանում նվազագույնը նույն թվով ռուսաստանցի։

Մինչ հազարավոր մարդիկ այստեղից տեղափոխվում են այլ երկրներ, Հայաստանի պաշտոնյաներն անցյալ շաբաթվա վերջին հայտարարել են, որ շուրջ 20 հազար մարդ մնացել է։ Եվս տանյակ հազարավոր մարդիկ ուզում են նոր կյանք սկսել այլ երկրներում։ Արտագաղթի արագ տեմպն ու մասշտաբները վկայում են այն հսկայական տեղաշարժի մասին, որը Ռուսաստանում առաջացրել է ներխուժումն Ուկրաինա։

Թեև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճնշել է այլակարծությունը՝ մինչև անցյալ ամիս Ռուսաստանը եղել է մի երկիր, որտեղից մարդիկ համեմատաբար անարգել կարողացել են արտասահման մեկնել ճամփորդելու, համացանցը եղել է գրեթե առանց գրաքննության՝ հարթակ ծառայելով անկախ լրատվամիջոցների համար, բարգավաճում էր տեխնոլոգիական արդյունաբերությունը, երկիրն ուներ համախարհային մակարդակի արվեստ։ Կյանքը լավն էր, ասում են էմիգրանտները։

Հայաստանում նորեկների մոտ կառավարվող խուճապին գումարվում է մեղքի զգացումն այն բանի համար, որ նրանք լքել են իրենց ընտանիքներն, ընկերներին և հայրենիքը, ինչպես նաև անկաշկանդ արտահայտվելու վախն ու թախիծը, որ երկիրը, որն իրենք սիրում են, անում է այն, ինչ իրենց դուր չի գալիս։

«Երկիրը լքածների մեծ մասը դեմ է պատերազմին, որովհետև նրանք կապված են աշխարհի հետ, նրանք հասկանում են, թե ինչ է կատարվում», - ասում է խաղային ոլորտի կիպրոսյան ընկերության համահիմնադիր Իվանը։ Նա և մյուս ռուսաստանցի վտարանդիները, որոնց հետ խոսել ենք, ասում են, որ չեն ուզում նշել իրենց ազգանունները, որ հայենիքում հետևանքներ չառաջանան։

Պոլինա Լոսևան և նրա 32-ամյա զուգընկեր Ռոման Ժիգալովը, որը որպես վեբ-ծրագրավորող է աշխատում նույն ընկերությունում, ինչ Պոլինան, նստած են լեփ-լեցուն սրճարանում և գիշերակացի տեղ են փնտրում։

«Մեկ ամիս առաջ ես չէի ուզում որևէ այլ երկիր տեղափոխվել, - ասում է Պոլինան։ - Բայց հիմա չեմ ուզում վերադառնալ։ Դա այլևս այն երկիրը չէ, որտեղ ես ուզում եմ ապրել»։

Սրճարանի մյուս սեղանների մոտ երիտասարդ ռուսաստանցիներն աշխատում են նոութբուքերով, ոմանք՝ Zoom-հանդիպումների մասնակցում, մյուսները՝ մատչելի գներով բնակարան փնտրում որովհետև նրանց խնայողություններն անհասանելի են։

Ռուբլու փոխարժեքի անկումը և Հայաստանում բնակարանների գների կտրուկ աճը, որոնք դոլարով են հաշվարկվում, ստիպել են մոսկովյան ոճային բնակարաններին սովոր ռուսաստանցիներին մտածել ոչ թանկ հյուրանոցներից էլ ավելի էժան  հոսթելներ տեղափոխվելու մասին՝ երկհարկանի մահճակալներով և ընդհանուր սանհանգույցով։

Հայաստան տեղափոխվածների մեծ մասն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում, որոնք սերտորեն կախված են համացանցի անխափան հասանելիությունից և միջազգային բանկային համակարգերից, The New York Times-ին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Սակայն Ռուսաստանը լքածների շրջանում կան նաև բլոգերներ, լրագրողներ և ակտիվիստներ, որոնք կալանավորվելու մտավախություն են ունեցել, քանի որ երկրում դրակոնյան նոր օրենք է գործում, որը հանցագործություն է դարձնում Ուկրաինայի համատեքստում անգամ «պատերազմ» բառի օգտագործումը։

Վերջերս Հայաստան ժամանած ռուսաստանցիներից ոմանք ասում են, որ պայմանագրեր ունեն, որոնցով իրենց կվճարեն գոնե մի քանի ամսվա հեռավար աշխատանքի համար, եթե իրենք կարողանան փողերը ստանալու ձևեր գտնել։ Մյուսներն ասում են, որ իրենց Հայաստան են տեղափոխել ամերիկայն և ՏՏ ոլորտի այլ ընկերություններ, որոնք շարունակում են իրենց աշխատավարձ վճարել։ Սակայն շատերը դժվար դրության մեջ են հայտնել՝ փորձելով բավականաչափ գումար հավաքել՝ բնակարանների համար վճարելու։

Visa-ն, Mastercard-ն ու PayPal-ը կապերը խզել են Ռուսաստանի հետ, առցանց վճարումների համար նրան թողնելով միայն ռուսական «Միր» բանկային քարտերը։ Դրանք ընդունում են Հայաստանն ու մի քանի այլ երկրներ։

26-ամյա Կատյան, որը նախածգերի մենեջեր է ռուսական մարդասիրական կազմակերպությունում, պատմել է, որ Մոսկվայից մեկնելուց առաջ ինքն ու իր զուգընկերը երեք ժամ բանկոմատից բանկոմատ են անցել՝ դոլար կանխիկացնելու համար, բայց ապարդյուն։ Բանկոմատներից յուրաքանչյուրի մոտ թիկնապահներով անձինք խցկվել են հերթի մեջ՝ միանգամից 5 000 դոլար կանխիկացնելով և դատարկելով բանկոմատները, պատմում է Կատյան։

«Մենք ոչինչ չէինք կարող ասել, որովհետև դա կարող էր վտանգավոր լինել», - ասում է նա։

Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ արտագաղթել են Վրաստան և Թուրքիա։ Բայց նախկին խորհրդային պետություն Հայաստանը, որն այս հակամարտությունում չեզոքություն է պահպանում, ամենահարմարավետ պայմաններն է առաջարկում։ Ի տարբերություն Վրաստանի՝ հարցված ռուսաստանցիներից ոչ ոք չի ասել, որ թշնամանքի է բախվել։ Նրանք կարող են Հայաստան գալ առանց վիզաների և անգամ առանց անձնագրերի և այստեղ մնալ մինչև վեց ամիս, իսկ ռուսաց լեզուն լայնորեն տարածված է։

Հարցված ռուսաստանցիների մեծ մասն ասել է, որ մեկնել է երկրից, որովհետև ավերիչ միջազգային պատժամիջոցներից հետո անհնար է դարձել աշխատել ուրիշ երկրների ընկերությունների համար կամ օտարերկրյա հաճախորդների հետ։ Նրանք նաև մտավախություն են ունեցել, որ Ռուսաստանը կարող է փակել իր սահմանները։

Հայրենիքից հեռանալու հետ կապված չարչարանքին գումարվում է այն զգացողությունը, որ աշխարհում իրենց սկսում են նույնացնել երկրի նախագահի հետ։

«Ես ուզում եմ լինել մնացած աշխարհի հետ, այլ ոչ թե Ռուսաստանի, - ասում է վեբ-ծրագրավորող Ժիգալովը։ - Բայց մենք չենք կարող մնացած աշխարհի հետ լինել, որովհետև տպավորություն կա, որ ռուս լինելն այժմ վատ բան է դարձել»։

Ռուսական զբոսաշրջային տեղեկատուի խմբագիր 30-ամյա Մարիան ու նրա ամուսին Եվգենին Հայաստան են եկել անցյալ շաբաթ։

Ինչպես արտագաղթածներից շատերը, Եվգենին մտավախություն է ունեցել, որ իրեն կարող են բանակ զորակոչել և ստիպել կռվել Ուկրաինայի դեմ։ Այն բանից հետո, երբ ավիաընկերությունների մեծ մասը խզել է կապերը Ռուսաստանի հետ, ամուսինները փորձել են չվերթ գտնել Մոսկվայից մեկնելու համար, արդյունքում՝ ծախսել են իրենց գրեթե բոլոր փողերը, որ ավիատոմս գնեն դեպի Երևան։

Ռուսաստանից մեկնածներից շատերը ձեռնարկատերեր են կամ ֆրիլանսերներ, նրանց աշխատանքը կապված է օտարերկրյա հաճախորդների հետ։ Վերջիններս խզել են կապերը նրանց հետ՝ թույլ չտալով աշխատել նույնիսկ Ռուսաստանի սահմաններից դուրս։

«Նրանք մեզ պարզապես ասացին․ «Կներեք, ընկերներ։ Հույս ունենք ապագայում կրկին աշխատել միասին, բայց հիմա չենք կարող»»,- ասում է տեսախաղերի ծրագրավորող Իվանը։

Մեկ այլ սրճարանում 35-ամյա Ալեքսեյը պատմում է, որ չորս ժամ Մոսկվայի օդանավակայանում է անցկացրել, նրա չվերթը հետաձգել են։

«Գուցե պետք էր ավելի շուտ մեկնել, բայց ես պարզապես սիրահարված եմ իմ երկրին», - ասում է նա։

Ռուսաստանցիներից շատերի համար սերնդային ցավալի անջրպետ է առաջանում ծնողների, տատիկ-պապիկների հետ հարաբերություններում, որոնք մեծացել են Խորհդային Միությունում։

«Ծնողներս, տատս ու պապս հեռուստացույց են նայում և ամբողջությամբ հավատում են նրան, ինչ ասում են հեռուստատեսությամբ, այդ պատճառով էլ ինձ համար դժվար է նրանց հետ խոսելը, - ասում է օգնության խմբի նախագծի ղեկավար Կատյան։ - Ինչ-որ պահի հասկացա, որ չափազանց շատ եմ նրանց սիրում՝ վիճելու համար։ Եվ ասացի՝ եկեք այդ մասին չխոսենք»։

«Կայուն հող չունեմ ոտքերիս տակ։ Հիմա մենք այստեղ ենք, բայց չգիտենք, թե որտեղ կլինենք մի շաբաթից կամ մի ամսից, նույնիսկ՝ վաղը», - ասում է նա։

Անցյալ շաբաթ 22-ամյա Վիկտորյա Պոյմենովան և նրա 24-ամյա զուգընկեր Բուլատ Մուստաֆինը, որոնք ռուսական Միներալնիե Վոդի քաղաքից են, մի խուրձ ճամպրուկներով Երևանի օդանավակայան են իջել։ Հետները բերել են նաև իրենց փոքրիկ Միշու շանն ու Կիսյա կատվին։

Բուլատն ինժեներ է, կինոթատրոններում աշխատել է՝ որպես կինոպրոյեկտորների տեխնիկական մասնագետ, սակայն կինոթատրոններն այժմ չեն կարող ցուցադրել հոլիվուդյան ստուդիաների ֆիլմերը, քանի որ դրանք խզել են կապերը Ռուսաստանի հետ։

Վիկտորյան վեբ-ծրագրավորում է սովորեցնում կիպրոսյան առցանց դպրոցում։ Զույգը պլանավորում է ոչ թանկ բնակարան գտնել Վրաստանում։

«Եթե չգտնենք, կվերադառնանք այստեղ։ Եթե այստեղ էլ չգտնենք, Թուրքիա կմեկնենք։ Իսկ եթե ոչինչ չգտնենք, Սերբիա կմեկնենք, - ասում է Վիկտորյան։ - Մենք պարզապես ուզում ենք հանգիստ ապրել, բայց դա շատ դժար է անել, երբ քո երկիրն այսպիսի աղետ է սարքում»»:

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել