Պատերազմն Ուկրաինայում կարող է պարենային ճգնաժամի պատճառ դառնալ․ The New York Times
23:55 - 21 մարտի, 2022

Պատերազմն Ուկրաինայում կարող է պարենային ճգնաժամի պատճառ դառնալ․ The New York Times

Ուկրաինայում սկսված պատերազմը շոկի մեջ է գցել համաշխարհային էներգետիկ շուկաները։ Իսկ հիմա մոլորակը բախվել է էլ ավելի մեծ ճգնաժամի՝ պարենի պակասի, գրում է The New York Times-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ստորև։

«Ցորենի, եգիպտացորենի և գարու համաշխարհային պաշարների էական մասը չի արտահանվել Ռուսաստանից և Ուկրաինայից, իսկ պարարտանյութերի մեծ մասը մնացել է Ռուսաստանում և Բելառուսում։ Արդյունքում՝ պարենի և պարարտանյութերի համաշխարհային գները սկսել են սրընթաց աճել։ Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ցորենի գներն աճել են 21%-ով, գարու գները՝ 33%-ով, իսկ որոշ պարարտանյութերինը՝ 40%-ով։

Այս ցնցումներին գումարվում են լուրջ խնդիրները՝ համավարակը, մատակարարման դժվարություններն, էներգակիրների բարձր գներն ու վերջին ժամանակների երաշտները, ջրհեղեղներն ու հրդեհները, որոնք արդեն հանգեցրել են գների աճի և մատակարարումների կրճատման։

Տնտեսագետները, հումանիտար օգնություն տրամադրող կազմակերպություններն ու պաշտոնյաները զգուշացնում են հետևանքների մասին․ աշխարհում աճելու է սովի մակարդակը։

Սննդամթերքի, պարարտանյութերի, նավթի, գազի և նույնիսկ մետաղների՝ ալյումինի, նիկելի և պալադիումի գներն արագ աճում են, և փորձագետները կանխատեսում են, որ իրավիճակն էլ ավելի է վատթարանալու։

«Երկրորդ աշխարհամարտից ի վեր նման նախադեպ չի եղել», - ասում է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիսլին։

Ուկրաինական ֆերմերական տնտեսությունները կարող են բաց թողնել գյուղատնտեսական կուլտուրաների ցանքի և բերքահավաքի կարևոր շրջանները։ Պարարտանյութեր արտադրող եվրոպական գործարանները զգալիորեն կրճատում են արտադրանքն էներգակիրների թանկացման պատճառով։ Բրազիլիայից մինչև Տեխաս ֆերմերները նվազեցնում են պարարտանյութերի օգտագործումն, ինչն ազդելու է բերքի ծավալների վրա։

Չինաստանը, որտեղ ուժեղ ջրհեղեղների պատճառով ցորենի ամենաքիչ բերքն է եղել վերջին տասնամյակների ընթացքում, պլանավորում է նոր խմբաքանակ գնել, իսկ Հնդկաստանում, որը սովորաբար արտահանում է ոչ մեծ քանակությամբ ցորեն, դրա արտահանման պահանջարկն, անցյալ տարվա համեմատ, աճել է ավելի քան եռակի։ Ողջ աշխարհում դա հանգեցնելու է նպարեղենի գների էլ ավելի մեծ աճի։

Գների այս աճը կարող է ծանր դրության մեջ գցել նրանց, ովքեր արդեն պարենային անապահովության շեմին են։

Համավարակի ընթացքում սովի ցուցանիշն աճել է շուրջ 18%-ով՝ ներառելով 720-811 միլիոն մարդու։ ՄԱԿ մարտի տվյալներով՝ համաշխարհային պարենային շուկայի վրա պատերազմի ազդեցության հետևանքով՝ ևս 7,6-13,1 միլիոն մարդ կարող է բախվել սովի խնդրի։

Գրեթե յուրաքանչյուր երկիր ստիպված կլինի հաշվի նստել ավելի բարձր գների հետ այն դեպքում, երբ որոշներում կարող է անհրաժեշտ քանակությամբ պարենամթերք գտնելու խնդիր առաջանալ։

Հայաստանը, Մոնղոլիան, Ղազախստանն ու Էրիթրեան ցորենը գրեթե ամբողջությամբ ներկրում են Ռուսաստանից և Ուկրաինայից, նրանք ստիպված կլինեն նոր աղբյուրներ գտնել։ Սակայն նրանք այս հարցում մրցակցում են շատ ավելի խոշոր գնորդների՝ Թուրքիայի, Եգիպտոսի, Բանգլադեշի և Իրանի հետ, որոնք ցորենի գրեթե 60%-ն էին ստանում այս երկու հակամարտող երկրներից։

Եվ այս բոլոր երկրները միասին հավակնելու են ավելի փոքր առաջարկի, քանի որ աշխարհում ցորենի ամենախոշոր արտադրող ու սպառող Չինաստանն այս տարի պատրաստվում է համաշխարհային շուկաներից գնել շատ ավելի մեծ քանակությամբ ցորեն, քան սովորաբար։

Պարենային ապրանքների գների աճն աղքատ աֆրիկյան և արաբական երկրներում տարիներով եղել է սոցիալական և քաղաքական ցնցումների խթան, և այդտեղ հիմնական սննդամթերքն, օրինակ՝ հացը, սուբսիդավորվել է՝ նման խնդիրներից խուսափելու համար։ Սակայն տնտեսագետներն ասում են, որ այս երկրների տնտեսությունն ու բյուջեն, որոնք, առանց այն էլ տուժել են համավարակից և էներգակիրների բարձր գներից, այժմ կարող են չդիմանալ պարենամթերքի թանկացմանը։

Վերջին հինգ տարում Ռուսաստանին և Ուկրաինային բաժին էր ընկնում աշխարհում ցորենի արտահանման գրեթե 30%-ը, եգիպտացորենի 17%-ը, գարու 32%-ը, ձեթի 75%-ը։

Այժմ Ռուսաստանը չի կարողանում պարենամթերք արտահանել հիմնականում պատժամիջոցերի պատճառով, իսկ Ուկրաինան ֆիզիկապես հնարավորություն չունի դա անելու․ Ռուսաստանն արգելափակել է Սև ծովն արտահանման համար, իսկ Ուկրաինան բավականաչափ երկաթուղային շարժակազմ չունի ցամաքով մթերք տեղափոխելու համար։

Այլ խոչընդոտներ էլ կան։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ուկրաինական գյուղատնտեսական նշանակության հողերի մինչև 30%-ը կարող է ռազմական գործողությունների գոտու վերածվել։ Իսկ եթե հաշվի առնենք, որ միլիոնավոր ուկրաինացիներ լքում են երկիրը կամ մեկնում ճակատ, քչերն են մնում՝ դաշտերում աշխատելու համար։

Ռուսական և ուկրաինական ցորենը հեշտ չէ փոխարինել։ ՄԱԿ տվյալներով՝ ԱՄՆ և Կանադայի պաշարները սահմանափակ են, Արգենտինան սահմանափակում է արտահանումն, իսկ Ավստրալիան արդեն գերծանրաբեռնված է։

Պատերազմը սպառնում է նաև պարարտանյութերի պակաս առաջացնել։

Ռուսաստանը պարարտանյութերի խոշորագույն արտահանողն է աշխարհում և ապահովում է համաշխարհային պահանջարկի շուրջ 15%-ը։ Այս ամիս, երբ աշխարհում ֆերմերները պատրաստվում էին ցանքի, Ռուսաստանն իր արտադրողներին հրահանգել է դադարեցնել արտահանումը։

Պատժամիջոցները հարվածել են նաև Ռուսաստանի դաշնակից Բելառուսին, որը կալիումական պարարտանյութերի առաջատար արտադրողն է։

Սպառողների համար ևս մեկ չարագույժ ազդակ էր այն, որ այս ամիս պարարտանյութերի եվրոպական արտադրողները հայտարարեցին արտադրանքը կրճատելու կամ դադարեցնելու մասին՝ էներգակիրների կտրուկ թանկացման պատճառով։ Իսկ պարարտանյութերի համաշխարհային գները վերջին մեկ տարում աճել են կրկնակի կամ եռակի»։

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել