Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում` նաև շփման գծի արևելյան հատվածում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։
Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի շնորհիվ՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։
Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։
Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ «բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները դուրս է բերել Փառուխ բնակավայրի տարածքից»։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է ՌԴ ՊՆ-ի՝ Փառուխից զորքերը դուրս բերելու վերաբերյալ հայտարարությանը՝ հերքելով դրանք և նշելով, թե «ցավում է, որ կետերը, որոնք արտացոլված են ՌԴ ՊՆ-ի՝ մարտի 27-ի հայտարարության մեջ, չեն համապատասխանում իրականությանը»։
ՀՀ ԱԳՆ-ն էլ այսօր հայտարարություն է տարածել, որ «ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է»՝ կից ներկայացնելով նաև իրադրությունը նկարագրող քարտեզներ։
comment.count (0)