Ի՞նչ է նշանակում գազի դիմաց ռուբլիով վճարումը․ The Associated Press
16:10 - 30 մարտի, 2022

Ի՞նչ է նշանակում գազի դիմաց ռուբլիով վճարումը․ The Associated Press

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել է, որ ռուսական գազ գնող եվրոպական երկրները դրա դիմաց պետք է վճարեն ռուբլիով, այլ ոչ թե դոլարով և եվրոյով, ինչպես նախկինում։ Որոշ երկրներ արդեն մերժել են այս պահանջը։ The Associated Press-ը գրում է գազի գների աճի, Ռուսաստանի այս որոշման հետևանքների և նրա շարժառիթների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։

 

«Ի՞նչ է առաջարկում Պուտինը

Եվրոպան ներկրում է մեծ ծավալի ռուսական բնական գազ՝ տների ջեռուցման, էլեկտրաէներգիայի արտադրության և վառելիքային արդյունաբերության կարիքների համար, և այդ ներկրումը շարունակվում է՝ ի հեճուկս ուկրաինական պատերազմի։

Գազի ներկրման շուրջ 60%-ը վճարվում է եվրոյով, մնացածը՝ դոլարով։ Պուտինն ուզում է փոխել սա՝ պահանջելով գազի օտարերկրյա ներկրողներից ռուբլի գնել և ՌԴ պետական մատակարար «Գազպրոմին» գազի դիմաց ռուբլիով վճարել։

 

Ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ

Ներկրողները ստիպված կլինեն բանկ գտնել, որտեղ հնարավոր է եվրոն ու դոլարը ռուբլիով փոխանակել։ Սա կարող է խնդրահարույց լինել, քանի որ ռուսական որոշ բանկերի դեմ կամ սահմանափակումներ, կամ արգելանք է գործում SWIFT միջազգային վճարային համակարգից օգտվելու համար։

Այնուամենայնիվ, բանկեր կան, որոնք չեն անջատվել այդ համակարգից, և տվյալ պահին ԱՄՆ ֆինանսների նախարարության սահմանած պատժամիջոցները, որոնք արգելում են [ՌԴ բանկերի հետ] բանկային գործարքները, որոշ բացառություններ են անում էներգակիրների դիմաց վճարների հարցում։ Սա զիջում է ԱՄՆ եվրոպական դաշնակիցների համար, որոնք շատ ավելի մեծ կախվածություն ունեն ռուսական նավթից և գազից և մտավախություն ունեն, որ մատակարարումների ամբողջական դադարեցումը կարող է իրենց տնտեսությունում ռեցեսիա առաջացնել։

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին աշխատակից Էսվար Փրասադի խոսքով՝ գազի դիմաց վճարումները ռուբլիով ստանալը Ռուսաստանին, լավագույն դեպքում, կօգնի մի թեթև շրջանցել ֆինանսական պատժամիջոցները, պահպանել ռուբլու փոխարժեքը կամ պաշտպանել ռուսական տնտեսությունը։

«Օտարերկրյա ներկրողների համար ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարելը շահեկան կլինի, հատկապես, որ դրա փոխարժեքը նվազում է, բայց ռուբլի գնելն ու պատժամիջոցների շրջանցմամբ դրանով վճարումներ կատարելը դժվար կլինի», - ասել է նա։

Մասնագետը զգուշացնում է, որ այդ քայլը «կարող է էլ ավելի ցնցել համաշխարհային տնտեսական շուկաները՝ սրելով մատակարարման ներկայիս խափանումներն ու մեծացնելով անորոշությունն ապագա մատակարարումների հարցում, ինչն էլ կարող է հանգեցնել գների էլ ավելի բարձրացման»։

 

Ինչպե՞ս է Եվրոպան արձագանքում Պուտինի պահանջին

Եվրոպական երկրներն ու էներգետկ ընկերությունները մերժում են այս պահանջը՝ հայտարարելով, որ գազի ներկրման իրենց պայմանագրերում արտարժույթն ամրագրված է, և կողմերից մեկը չի կարող մի գիշերում փոխել այն։ Նրանք նշում են, որ մտադիր են գազի դիմաց շարունակել վճարել եվրոյով և դոլարով։

G7 խոշորագույն տնտեսություննրի յոթնյակը, այդ թվում՝ Ճապոնիան, ԱՄՆ-ն և Կանադան, ինչպես նաև Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել մերժել Մոսկվայի պահանջը։

Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը մարտի 28-ին լրագրողներին ասել է, որ «G7-ի բոլոր նախարարները համաձայնել են», որ նման քայլը «միակողմանի կլինի և կխախտի առկա պայմանագրերը»։

 

Ո՞րն է Պուտինի շարժառիթը

Տեսականորեն՝ ռուբլիով վճարումների պահանջը կարող է պահպանել այդ արժույթի պահանջարկն ու դրա փոխանակման փոխարժեքը, ասում է Փրասադը։

Վարշավայի Արևելյան հետազոտությունների կենտրոնը ենթադրում է, որ «Գազպրոմից» արտարժույթը հիմնականում պետության կողմից վերահսկվող բանկային համակարգ ուղղելով՝ Կրեմլը լրացուցիչ վերահսկողություն կստանա արտարժույթի նկատմամբ, որի պակասն առաջացել է այն պատճառով, որ արևմտյան երկրները սառեցրել են արտասահմանում ռուսական պահուստների մեծ մասը։

Սակայն դա «Գազպրոմին» կթողնի առանց կոնվերտացվող արժույթի, որը նրան անհրաժեշտ է արտաքին պարտքերի վճարման կամ դրսից գնումներ կատարելու համար։ Ներկա պահին գազի մատակարարն արդեն ստիպված է իր արտարժույթի 80%-ը վաճառել Ռուսաստանի կենտրոնական բանկին։

Մտահոգություն է առաջացրել, որ ռուբլու շուրջ վեճերը կարող են հանգեցնել բնական գազի մատակարարումների խաթարման։ Իսկ դա կարող է մեղադրանքներ առաջացնել Ռուսաստանի հասցեին՝ երկարաժամկետ էներգետիկ պայմանագրերի կետերի չպահպանման համար։

Rystad Energy-ի վերլուծաբանների կարծիքով՝ եվրոպական երկրների խողովակաշարային համակարգերը սերտորեն կապված են, այնպես որ, գազի հոսքը մի երկիր սահմանափակելը կազդի մյուս երկրների վրա։ Բացի այդ, էներգակիրների վաճառքը Ռուսաստանի եկամտի կարևորագույն աղբյուրն է։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է դադարեցնել գազամատակարարումը եվրոպական երկրներին, եթե նրանք հրաժարվեն վճարել ռուբլիով, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում «գազն անվճար մատակարարել»։

«Մեր իրավիճակում Եվրոպայի համար բարեգործությամբ զբաղվելը հազիվ թե հնարավոր է և նպատակահարմար», - ասել է Պեսկովը։

 

Որքանո՞վ է իրատեսական այս սպառնալիքը

Ռուբլիով գազի դիմաց վճարելու պահանջը օրերս ստիպել է Գերմանիայի կոմունալ ծառայությունների ասոցիացիային կառավարությանը կոչ անել «նախնական զգուշացում» կատարել գազի պակասի մասին։ Սա ԵՄ և Գերմանիայի օրենսդրությունում էներգետիկ ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարելու երեք փուլերից առաջինն է։

Սակայն Գերմանիայի կառավարությունը նշել է, որ նման հայտարարության անհրաժեշտություն չի տեսնում։

Հնարավոր է, որ Պուտինը «բլեֆ» է անում։ Այս ամիս Ռուսաստանը սպառնացել էր պետական փոխառության բաժնետոմսեր ունեցող օտարերկրյա ներդրողներին վճարումները ռուբլիով կատարել։ Սակայն այդ վճարումներն արվել են դոլարով այն բանից հետո, երբ վարկանիշային գործակալությունները հայտարարել են, որ ռուբլիով վճարումները կհանգեցնեն Ռուսաստանի դեֆոլտի։

Ինչ վերաբերում է գազի վճարներին, ապա, ըստ տնտեսագետ Կարլ Վայնբերգի՝ «Պուտինը կարող է ռուբլի պահանջել, բայց պայմանագրերը հստակ են»։ Տնտեսագետի խոսքով՝ Ռուսաստանի համար միակ ելքն արտահանումից հրաժարվելն է, սակայն նա չի կարող դա անել՝ «չփակելով իր նավթահորերը», իսկ պահեստները շատ արագ կլցվեն, եթե մատակարարումները դադարեցվեն»։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել