Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի երկկողմ հանդիպումը
02:27 - 31 մարտի, 2022

Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի երկկողմ հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Ըստ ԵՄ խորհրդի հաղորդագրության` հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Նշվում է, որ պաշտոնյաների հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծումներ գտնելու համատեղ ջանքերը զարգացնելու նպատակով: Մասնավորապես, քննարկվել են 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։

ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ բովանդակային քննարկումների ընթացքում, որ ներառում էին նաև Գրիգորյանի և Հաջիևի առանձին երկկողմ զրույցը, մասնակիցները քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հարցերի ողջ շրջանակը` որպես երկու երկրների առաջնորդների հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն։ Խոսքը Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հանդիպման մասին է, որ տեղի է ունեցել Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։

Զրուցակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որ շարունակեն քննարկումները մի շարք թեմաների շուրջ, այդ թվում նաև վերոնշյալ եռակողմ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ: Հայաստանն ու Ադրբեջանը նաև կանդրադառնան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերին:

Հաղորդագրության վերջում նշվում է, որ Եվրամիությունը հավատարիմ է մնում շարունակելու իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար:

Նշենք, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել