ՔՊ խմբակցությունն ամբողջությամբ կիսում է այն պատասխանատվությունը, որն ստանձնել է Նիկոլ Փաշինյանը. Կոնջորյան |1lurer.am|
13:25 - 14 ապրիլի, 2022

ՔՊ խմբակցությունն ամբողջությամբ կիսում է այն պատասխանատվությունը, որն ստանձնել է Նիկոլ Փաշինյանը. Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: Արցախյան հիմնախնդիրը երկար տարիներ Հայաստանում եղել է իշխանությունը բռնազավթելու և իշխանությունը պահելու, հիմա էլ դարձել է իշխանությունը վերաբռնազավթելու գործիք, և այն մարդիկ, ովքեր այսօր հայրենասիրական բառապաշարով ճամարտակում են հայրենիքի մասին, փաստացի Արցախը և արցախյան հարցը դարձրել են հրազենի փող, որն ուղղել են իրենց քաղաքական հակառակորդների ճակատին, երբեմն՝ բառի բուն և ուղիղ իմաստով, երբեմն՝ փոխաբերական, և այսօր նորից փորձում են նույն բանն անել ՀՀ-ում: ԱԺ ամբիոնից ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Այսօր ժողովրդին շրջանցելու ճանապարհով փորձում են արցախյան հիմնախնդրի կարգավորման այս պատմական փուլը նորից վերածել իշխանություն բռնազավթելու քաղաքական ակտի և դա նորից անում են հայրենասիրության քողի ներքո: Ի՞նչ ենք մենք ասում. մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ, դուք մեզ տվել եք մանդատ 2021 թ. ընտրություններով, որպեսզի Հայաստանում և մեր տարածաշրջանում հաստատենք խաղաղության դարաշրջան:

Մենք գալիս ենք և ժողովրդին ներկայացնում ենք մեր պատկերացումները, մեր առաջարկները, միջազգային հանրության դիրքորոշումները: Ասում ենք՝ եկեք քննարկենք, եկեք բանավիճենք, եկեք դուք ներկայացրեք ձեր տեսակետը, և ժողովրդի ներկայացուցչական մանդատով օժտված այս մասը փոխարենը մեզ հետ բանավիճի, փոխարենը չհամաձայնվի, առաջարկներ ներկայացնի, շրխկացնում է դուռը, հեռանում է և հեռվից՝ Հայաստանի տարբեր քաղաքներից, հեռակա բանավիճում է մեզ հետ և նորից՝ հայրենասիրության գաղափարական քողի ներքո»,- ասաց Կոնջորյանը:

Նրա խոսքով՝ ՔՊ խմբակցությունն ամբողջությամբ կիսում է այն պատասխանատվությունը, որն ստանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն պատասխանատվությունը, որով, վարչապետի գլխավորությամբ, իրենց օժտել է ՀՀ ժողովուրդը:

«Մենք մեր ժողովրդի հետ բաց ենք, անկեղծ ենք, ազնիվ ենք, մենք մեր ժողովրդի հետ երկխոսում ենք, մեր և ժողովրդի անսասան և անբեկանելի կապն է, որ դառնալու է Հայաստանի պայծառ ապագայի հիմնաքարը, և այդ կապը ոչ ոք չի կարող կտրել»,- նշեց իշխող խմբակցության ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել