«Դոնբասում մարտերը «սառել» են, ինչո՞ւ»․ Meduza
12:32 - 02 մայիսի, 2022

«Դոնբասում մարտերը «սառել» են, ինչո՞ւ»․ Meduza

Գլխավոր նկարը՝ Ueslei Marcelino / Reuters / Scanpix / LETA

Ռուսական Meduza առցանց պարբերականն անդրադարձել է Դոնբասի համար մարտերին, որոնք ընթանում են ռուսական և ուկրաինական զորքերի միջև։ Այն գրում է, որ մարտերը «սառել են», իսկ ԱԹՍ-ների և հրետանու ակտիվ օգտագործումը հանգեցրել է դիրքային փակուղու։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։

«ԱՄՆ Կոնգրեսն Ուկրաինայի համար լենդ-լիզի ծրագիր է ընդունել, որի համաձայն՝ Կիևը կարող է մոտակա ամիսներին 20 մլրդ դոլարի տեխնիկա ստանալ։ Տեսականորեն՝ տեխնիկան ստանալով, դրա կիրառման ձևը յուրացնելով և դրա հիման վրա մարտունակ կազմավորումներ ձևավորելով՝ Ուկրաինան կարող է ոչ միայն հաջող դիմադրության, այլև Ռուսաստանի դեմ պատերազմում հաղթանակի հույս ունենալ։ Սակայն գրոհի հնարավորությունները դեռևս ավելի մեծ են ռուսական բանակի մոտ․ այն կրակային հզորության ակնհայտ առավելություն ունի։ Սակայն ռուսական գրոհը ծայրահեղ դանդաղ է ընթանում այն դեպքում, երբ (հենց լենդ-լիզի պատճառով) ժամանակը ռուսական հրամանատարության դեմ է գործում։

 

Ի՞նչ է կատարվում Դոնբասում այս օրերին (հակիրճ)

Մարտերը վերածվել են հրետանային հարվածներով փոխադարձ [թիրախների] ոչնչացման՝ առանց զգալի առաջխաղացման։ Ռուսական բանակը, թվում է, առավելություն չունի հետախուզական միջոցների և նպատականշման հարցերում (հատկապես՝ ԱԹՍ-ների հարցում) և ամբողջությամբ չի կարողանում ճնշել ուկրաինական հրետանին։ Ուկրաինան, համապատասխանաբար, դեռ չի կարողանում ճնշել ռուսականը՝ կրակային հզորության պակասի պատճառով։ Փոխարենը՝ երկու բանակներն էլ, հետախուզության շնորհիվ, կարողանում են ԱԹՍ-ներով ճշգրիտ հրետանային հարվածներ հասցնել հակառակորդի դիրքերին և գրոհային ստորաբաժանումներին։

 

Ինչո՞ւ կողմերից ոչ մեկը չի կարողանում արագ գրոհել

Հավանաբար, կողմերը պատերազմի այս փուլում հասել են յուրօրինակ դիրքային ճգնաժամի, երբ արագ առաջխաղացումը պարզապես անհնար է։ Մասնակիորեն սա հիշեցնում է Առաջին աշխարհամարտի ժամանակ դիրքային փակուղին Արևմտյան ճակատում։ Ներկայիս պատերազմը, կարծես, արմատապես տարբերվում է հարյուր տարվա հնության պատերազմից գոնե նրանով, որ դրանում մասնակցում են զգալիորեն ավելի փոքր բանակներ․ տասնյակ հազարավոր, այլ ոչ թե միլիոնավոր մարդիկ, ճակատի հարյուր կիլոմետրի հաշվարկով տասնյակ սարքեր, այլ ոչ թե հարյուրավոր և հազարավոր։

Տեսականորեն՝ զորքերի և կրակի ոչ մեծ խտությունը հնարավոր է դարձնում մանևրային պատերազմը՝ տասնյակ կիլոմետրերի ամենօրյա ճեղքումներով։ Սակայն ռազմական գործողություններն այդպիսին էին միայն պատերազմի առաջին օրերին, երբ ռուսական զորքերն Ուկրաինայի հարավում և անգամ Կիևի ուղղությամբ տասնյակ կիլոմետրեր էին անցնում՝ կազմակեպված դիմադրության չհանդիպելով։

Հավանաբար, խնդիրն օպերատիվ անսպասելիությունն էր․ ուկրաինական իշխանությունն ընդհուպ մինչև պատերազմի մեկնարկը, դրան չէր հավատում և չգիտեր, թե ինչ ուղղություններով և ինչ ուժերով է ռուսական բանակը վարելու գրոհը։ Սակայն, հենց ուկրաինական բրիգադներն ընդառաջ բերվեցին ռուսական հարձակողական զորքերին՝ Նիկոլաևի, Չեռնիգովի, Կիևի և Զապորոժիեի մատույցներում, ռուսական գրոհի տեմպերը նվազեցին մինչև օրական մի քանի կիլոմետր։

Դա, իր հերթին, կարող է կապված լինել այն բանի հետ, որ հետախուզության և նպատականշման միջոցները (նախևառաջ՝ դրոնները) կարող են հանգեցնել դիրքային ճգնաժամի և փոքր բանակների պատերազմի։ Հանդիպելով հետևակի պաշտպանությանը, որը հզոր հակատանկային միջոցներ (հրթիռներ) ունի, հարձակվողները ստիպված են կանգ առնել և գործի դնել հրետանին։ Այդ ընթացքում հակառակորդը պարզում է հարձակվողների դիրքերը դրոնների օգնությամբ և հրետանային հարվածներ հասցնում դրանց։ Այս մատավարությունը (որը հաճախ մարտավարական հաջողություն է բերում հակառակորդի շարժի արմատական դանդաղեցման և գրոհի տապալման տեսքով) օգտագործում են երկու կողմերն էլ։

Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի (RUSI) վերջին զեկույցում նշվում է, որ հրթիռներն ընդամենը դանդաղեցնում են ռուսական գրոհը։ Ռուսական զորքերն իրապես «սպանում» է հենց հրետանին, որը գործում է դրոնների նպատականշմամբ։

Բայց սա փակուղու միակ պատճառը չէ։ Կարևոր է նաև այն, որ երկու բանակները մոտավորապես հավասար են թվաքանակի առումով։

 

Ի՞նչ դեր ունեն ԱԹՍ-ներն այս պատերազմում

Ռուսական բանակը (առանց ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ ստորաբաժանումների) հետախուզության և հրետանու նպատականշման համար օգտագործում է հաստիքային ԱԹՍ-ներ։ Նախևառաջ, դրանք «Օռլան-10» ԱԹՍ-ներն են։ Այդ սարքերն ունակ են, այդ թվում, նպատականշում անել «Կրասնոպոլ» բարձր ճշգրտության արկերով հաուբիցների համար։ ԱԹՍ-ների վաշտերը ենթարկվում են կազմավորումների (դիվիզիաների և բրիգադների) հրամանատարությանը, դրանց կիրառումը կենտրոնացված է։ Սակայն ճակատում ինքնավար ձևով գործող շատ ստորաբաժանումներ, ըստ ամենայնի, չեն կարողանում օպերատիվ կերպով օդային հետախուզություն իրականացնել և ստիպված են հին ձևով հույսը դնել ցամաքի հետախուզության վրա։

Ուկրաինական հրամանատարությունն ԱԹՍ-ների կիրառման հարցում ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում․ Դոնբասում ռոտացիայի եղանակով ծառայություն անցած զորքերը սեփական ԱԹՍ-ներն ունեն։ Նրանց տնօրինության տակ են շուկայի առաջատար՝ չինական DJI ընկերության քաղաքացիական մոդելները։ ԱԹՍ-ների՝ Դոնբասի պատերազմի փորձ ունեցող օպերատորներն ունակ են նպատականշումն արագ փոխանցել իրենց հրետանուն։ Կոմերցիոն դրոններ օգտագործում են նաև ԴԺՀ և ԼԺՀ ուժերը, թեև՝ ավելի փոքր մասշտաբներով։ Ընդ որում, DJI ընկերությունը 2022 թ-ի ապրիլին դադարեցրել է ԱԹՍ-ների պաշտոնական մատակարարումն ինչպես Ուկրաինային, այնպես էլ Ռուսաստանին։

Հավանաբար, ամենուրեք և միշտ ուկրաինական դրոններին հակազդելու ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի և ճնշման միջոցների անընդունակությունը հենց ԱԹՍ-ների զանգվածայնության և ապակենտրոնացված օգտագործման հետևանք է։

Թուրքական (և Ուկրաինայում համապատասխան հավաստագրով արտադրված) «Բայրաքթարներն», ընդհակառակը, օգտագործվում են կենտրոնացված ձևով և, հնարավոր է, ավելի հաճախ՝ որպես հետախույզներ, քան հարվածային համակարգեր։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ «Բայրաքթարները» վճռորոշ ազդեցություն չունեն պատերազմի ընթացքի վրա։ Հավանաբար, նա նկատի ուներ դրանց հարվածային ունակությունները, սակայն ռադիոէլեկտրոնային ճնշման միջոցների օգնությամբ պաշտպանված օբյեկտների հետախուզման համար օգտագործվում են հենց այսպիսի դրոններ՝ հզոր օպտիկաէլեկտրոնային համակարգով, որոնք կարող են թիրախը նկատել տասնյակ կիլոմետրերի վրա։

Այսպիսով՝ եթե դատենք արդյունքով, այսինքն՝ ռուսական գրոհի արագությամբ, կարելի է ասել, որ ուկրաինական բանակը չեզոքացնում է հրետանու քանակության հարցում հետ մնալը դրա համար նպատականշման միջոցների ավելի ճկուն օգտագործմամբ։

 

Ինչո՞ւ հակամարտող կողմերը չեն կարողանում ճնշել հակառակորդի հրետանին

Բանն այն է, որ երկու կողմերի հրետանին տեղակայված է դրանց կառուցվածքի խորքերում․ Ուկրաինան այն ճնշելու միջոցներ գրեթե չունի, Ռուսաստանն այդ միջոցներն ունի․ դա ավիացիան է, սական նա չի կարող այն ազատորեն կիրառել։

Իհարկե, նման ճնշման և ոչնչացման տեսանյութեր հրապարակվում են երկու կողմերից էլ։ Սակայն, հաշվի առնելով այն, որ հրետանին երկու կողմերի համար էլ պատերազմ վարելու գլխավոր գործիքն է, ճնշման իրական արդյունքը մեծ չէ։ Ռուսական բանակն, այնուամենայնիվ, օգտագործում է ավիացիան, սակայն, կարծես, ուկրաինական ՀՕՊ կողմից պահպանվող վտանգի պատճառով ոչ հաճախ է գործում հակառակորդի թիկունքում։

Այս պայմաններում հրետանին ճնշելու համար կողմերը վարում են հակահրետամարտկոցային պայքար, սակայն այս հարցում նրանց հնարավորությունները սահմանափակ են․ հակառակորդի հրետամարտկոցը խոցելու համար, որը նրա շարքերի խորքից հարվածում է առաջին շարքերին, կամ պետք է հրետանին բերել-հասցնել այդ առաջին շարքերին (դրա պահպանությունը վտանգելով), կամ էլ ավելի հեռահար զենք ունենալ։

Իրավիճակը կարող է փոխվել, եթե ռուսական բանակը սկսի ավելի ակտիվորեն օգտագործել ավիացիան։ Ինչպես նաև եթե ուկրաինական կողմն ամերիկյան և եվրոպական արտադրության հեռահար հաուբիցներ և ամերիկյան հեռահար կամիկաձե ԱԹՍ-ներ ստանա։

Բնականաբար, չի բացառվում, որ ռուսական հրամանատարությունը մոտ ժամանակներս արագացնի գրոհը (որպեսզի ուկրաինացիները չհասցնեն նոր տեխնիկա ստանալ) կամ փորձի կասեցնել արևմտյան տեխնիկայի առաքումը ճակատ։ Սակայն այս դեպքում էլ է նա ավիացիա օգտագործելու (այլ ոչ միայն հրթիռներ) ուկրաինական թիկունքում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել