Անչափահասներ են բերման ենթարկվել, և մեր միջամտությամբ անմիջապես ազատ են արձակվել․ Գրիգորյանը անդրադարձավ ՄԻՊ արագ արձագանքման խմբերի աշխատանքին
13:41 - 04 մայիսի, 2022

Անչափահասներ են բերման ենթարկվել, և մեր միջամտությամբ անմիջապես ազատ են արձակվել․ Գրիգորյանը անդրադարձավ ՄԻՊ արագ արձագանքման խմբերի աշխատանքին

«Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը այսօր՝ ՄԻՊ տարեկան զեկույցի ներկայացման ընթացքում Քրիստինե Գրիգորյանին ոստիկանության բաժանմունքներում ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խմբերի հավաքած փաստերի մասին․ 

«Երեկ  ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ՄԻՊ արագ արձագանքման խմբերը այցելել են ՀՀ-ի, մասնավորապես Երևան քաղաքի 8 ոստիկանության բաժանմունք, և արձանագրել են որոշ դեպքեր։ Նույն իրականությունը մենք տեսնում ենք ԶԼՄ-ներով պարբերաբար լուսաբանվող կադրերում մի քիչ այլ տեսանկյունից, մասնավորապես այն, որ իբր, որոշ դեպքերում խաղաղ ակցիա իրականացնողները ինչպես են ցանկանում սադրել ուժայինների աշխատակիցներին, ամեն գնով տանել բախման, որպեսզի կարողանան իրենց քաղաքական ցանկություններին հագուրդ տալ։Արցախը Երևանում փրկողների քաղաքական իրական ցանկությունների մասին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու է հայտնի, ես կցանկանամ, որպեսզի դուք առավել մանրամասն խոսեք ոստիկանության բաժանմունքներում ձեր կողմից արձանագրված փաստերի մասին, որոնք գուցե տեղ չեն գտել կամ ևս մեկ անգամ հարկ եք համարում նշել ԱԺ ամբիոնից»,- հետաքրքվեց պատգամավորը։ 

Քրիստինե Գրիգորյանն էլ նշեց, որ  3 օրից ավելի է, ինչ ՄԻՊ խմբերը ոստիկանության բաժանմունքներում աշխատում են․ «Երեկ մենք նաև այցելել ենք Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ոստիկանության բաժին։ Հիմնական խնդիրները, որ արձանագրել ենք, վերաբերում են բերման ենթարկված անձանց իրավունքների չպարզաբանման խնդիրներին, որոշ դեպքերում արձանագրել ենք  3 ժամից ավելի երկար պահման դեպքեր, ընդ որում՝ դրանք արձանագրումներն են են, որոնք կրել են շարունակական բնույթ, արձանագրել ենք դեպքեր, երբ անչափահասներ են բերման ենթարկվել, և մեր միջամտությամբ անմիջապես ազատ են արձակվել»։

Պաշտպանը նշեց՝  հիմնականում արձանագրել են խնդիրներ, որոնք վերաբերելի են անձի՝ լռության իրավունքից օգտվելու խոչընդոտմանը կամ որոշակիորեն կամ ստիպողաբար անձանց նույնականացմանը ոստիկանության կողմից։ «Սա անընդունելի պրակտիկա է։ Հիմնական խումբ խնդիրների մեջ է բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառումը,  որոշ դեպքերում մենք փաստեր ունենք։ Բնականաբար յուրաքանչյուր առանձին դեպքում մենք վերլուծում ենք, թե տվյալ իրավիճակում բերման ենթարկող անձի գործողությունները որքանով են հիմքեր ստեղծում այդ ինտենսիվության, ուժի կիրառման համար։ Ցավալիորեն նաև ունեցանք դեպք, որ ոստիկանի ծառայողի կողմից բերման ենթարկման ընթացքում, երբ արդեն որևէ խոչընդոտ անձը չէր կարող ներկայացնել, ունեինք նաև գլխի շրջանում հատուկ հարվածների դեպքեր»։

Երեկ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են առանձնազրույցներ չունենալ ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն նրանց չհայտնել։ Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Գրիգորյանն պնդեց՝ խոսքը քչաթիվ փաստաբանների մասին է։ 

«Վստահաբար կարող եմ պնդել, որ սրանք եղել են անհատական  նախաձեռնություններ, որովհետև պիտի ասեմ, որ Փաստաբանների պալատի հետ պաշտպանի հաստատությունը ավանդաբար լավ համագործակցային հարաբերություններ ունի, և սա մի ուղղություն է, որ ես նույնպես շատ մեծ ակտիվությամբ շարունակելու եմ։ Պիտի նշեմ, որ այդ փաստաբանները անուն հռչակած կամ հանրության շրջանում հայտնի փաստաբաններ չէին, ի պատիվ շատ փաստաբանների, ում հետ մեր արագ արձագանքման խմբերը հանդիպել են բաժիններում, փաստաբանները ցույց են տվել շատ համագործակցային վարքագիծ և բարձր են գնահատել պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի արձագանքը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել