news.am: Արդյոք դատական իշխանությանը վերաբերող այս քննարկման ժամանակ հատուկ ձեւով նշվելու է, որ Հայաստանը քայլ անելով դեպի ժողովրդավարություն, դեպի դատական իշխանության իրական անկախության երաշխիքների ձեւավորում, այն բացառիկ երկրներից է, որ մեկ տարի խլեց գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը, որի իմաստն այն է, որ դատարանների նախագահներն իրենք չորոշեն՝ ով գործը քննի, եւ որոշեցին, որ ձեռքով պետք է մակարգվեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով նրան, որ այս պահին «Մարիոթ» հյուրանոցային համալիրում մեկնարկել է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը, որին սակայն չեն մասնակցում ընդդիմադիր պատգամավորները: Այն փակ է նաեւ լրագրողների համար:
«Հետաքրքիր է, այս քննարկման ժամանակ խոսվելո՞ւ է, որ ի վերջո, այսքան ճնշման արդյունքում երբ այդ համակարգը նորից սկսեց գոծել, հենց վերջերս գործերից մեկով էլեկտրոնային մակագրման արդյունքը դուր չեկավ իշխանություններին եւ նրանք նորից իրականացրեցին ձեռքով մակագրում: Արդյոք խոսվելու է այն մասին, որ ՀՀ-ում դատական համակարգի անկախությունը դարձել է երազելի երեւույթ, որ, օրինակ, արդեն բոլորի համար պարզ լինի, թե այս կամ այն դատավորն ինչպես է կալանավորումը բավարարելու: Այսինքն խոսվելու է ոչ թե կալանավորումը քննարկելու, այլ բավարարելու մասին: Դրա վառ ապացույցն է այն, որ արդեն Հայաստանում նորից ոստիկանների ցուցմունքներով մարդկանց կալանավորում են: Ոստիկանների ցուցմունքը բավարար չէ մարդ կալանավորելու համար: Հիմա նորից ունենք այդ պրակտիկան: Այսօր կան տասնյակ մարդիկ կալանավորված՝ սկսած Իգոր Խաչտուրովից, որոնք պարզապես ոստիկանների գրած ցուցմունքների հիման վրա են կալանավորվել»,-ասաց նա:
Վարդեւանյանը զարմանք հայտնեց, որ այս քննարկումը փակ է անցկացվում, այդ թվում ընդդիմադիր պատգամավորներից:
Նա հեգնանքով շարունակեց, որ գոնե ոստիկաններին թույլ տային մասնակցել այդ խորհրդաժողովին. «Մի քանի ոստիկան գուցե որոշեին ներկայացնել ոստիկանների կողմից քաղաքացիներին ծեծելու նոր մարտավարությունը: Դա ժողովրդավարական մարտավարություն է, որը Հայաստանում իրացվում է եւ կարող է արտահանվել»:
Նշենք, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրում այս պահին ընթանում է«Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը:
comment.count (0)