Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵՏՄ դատարանի դատավորներին
20:55 - 15 հունիսի, 2022

Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵՏՄ դատարանի դատավորներին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորներ Էռնա Հայրիյանին, Արմեն Թումանյանին, Կոլոս Դենիսին և Ալեքսանդր Ֆեդորցովին:

ԱՆ հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկին դատավորները ներկայացրել են ԵԱՏՄ դատարանի գործառույթները, ունեցած ձեռքբերումները և գործունեության ընթացքում կուտակած փորձը՝ հատկապես թվայնացման ոլորտում, ինչը կարող է լավ օրինակ ծառայել Հայաստանի դատական համակարգի էլեկտրոնայնացման գործընթացում, որի մեկնարկն արդեն տրված է: Կողմերը քննարկել են տարածաշրջանային տնտեսական կայունությանն առնչվող հարցեր, որի երաշխավորներից է նաև ԵԱՏՄ դատարանը:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ամրապնդել համագործակցությունը ԵԱՏՄ ենթակառուցվածքների հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ դատարանի, որը կարող է խորհրդատավական եզրակացություններով պարզաբանել մի շարք հարցեր, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև իրավական դաշտի ինտեգրմանն ու տնտեսական փոխգործակցության բարենպաստ միջավայրի ձևավորմանը: Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ դատարանի դատավորները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում Արդարադատության նախարարության միջնորդությամբ գումարել քննարկումներ հայ գործարարների մասնակցությամբ, որոնց շրջանակներում կտրվեն պատասխաններ գործարարներին հուզող հարցերի վերաբերյալ: Իսկ այն հարցերը, որոնք լուծում չեն գտնի նման ձևաչափով քննարկումների արդյունքում՝ Արդարադատության նախարարության կողմից կտարվեն քննարկման Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Այստեղ ևս լուծում չստանալու դեպքում հարցերը կներկայացվեն ԵԱՏՄ դատարանի դատին:

Տեղեկացնենք, որ ԵԱՏՄ դատարանը միության դատական մարմինն է, որն ապահովում է անդամ-երկրների և միության մարմինների կողմից ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կիրառումը միության շրջանակներում:

Դատարանի կազմում ընդգրկված են երկուական դատավոր՝ յուրաքանչյուր անդամ պետությունից: Դատարանում կարող են քննվել նաև ԵԱՏՄ տարածքում գործունեություն ծավալող գործարարների, սպորտի, մշակույթի և այլ բնագավառի գործիչների պահանջներն ու իրավունքները, եթե կան կասկածներ, որ խախտվել են ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կետեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել