armenpress.am: Հայաստանի իշխանությունը շարժվում է Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով, որի շուրջ տեղի են ունենում բանակցություններ, և կարգավիճակը պետք է բխեցնել այն երաշխիքներից, որոնք կլինեն անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության համար: Այս մասին վստահեցրին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ճեպազրույցում:
Անդրադառնալով ԱԺ-ում Արցախի կարգավիճակին մասին ՀՀ վարչապետի նախորդ օրվա ելույթին՝ Արուսյակ Ջուլհակյանն ասաց. «Արցախի կարգավիճակի մասին վարչապետը երեկ ասել է հետևյալը, որ դա մեզ համար չպետք է լինի նպատակ, պետք է լինի միջոց՝ արցախահայության անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու համար: Եվ ես պնդում եմ՝ առաջին մարդը չէ ՀՀ-ում, որ նման խոսքով է հանդես եկել՝ խոսելով հենց այն մասին, որ Արցախյան հարցը ի սկզբանե և միշտ ՀՀ-ի կողմից դիտարկվել է ոչ թե ինքնորոշման իրավունքի հարց, այլ՝ իրավունքի հարց, անվտանգության հարց»:
Ըստ նրա՝ ի սկզբանե Արցախի հարցը ծագել է որպես արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության հարց, և այն շարունակում է այն լինել արցախահայության իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման հարց: Պատգամավոր վստահեցրեց՝ այս հարցում հետքայլի մասին խոսել չեն կարող:
Արթուր Հովհաննիսյանը վարչապետի ելույթը շատ կարևորեց այն իմաստով, որ իշխանությունն այդ ելույթներով և նաև այլ գործիչների հրապարակային ելույթներով փորձում են փակել այն «ճեղքը», որը կա հանրության և բանակցային ողջ գործընթացի միջև: Հանրությունն, ըստ էության, տեղեկացված չի եղել բանակցային գործընթացներից:
«Մենք շարժվում ենք Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով: Սրա շուրջ տեղի են ունենում բանակցություններ: և, ըստ էության, կարգավիճակը պետք է բխեցնել այն երաշխիքներից, որոնք կլինեն անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության համար»,-ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ ամեն ինչ դրված է սեղանին, թե բանակցային ողջ ընթացքում ինչ դետալներ, ինչ պայմանավորվածություններ են եղել, Արցախի կարգավիճակի ինչ ձևաչափեր, Արցախի ժողովրդի անվտանգության ինչ երաշխիքներ են քննարկվել:
«Բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների և իրավունքների իրացման համար, որից պետք է բխեցնենք կարգավիճակը: Ընթանում են բանակցություններ՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրենց հայրենիքում ապրելու իրավունքն ապահովելու համար»,-եզրափակեց պատգամավորը:
Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
comment.count (0)