Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող նշել ԱՄՆ երկու քաղաքացիների գտնվելու վայրը, որոնք գերեվարվել են Դոնբասի ռազմական գործողությունների գոտում, քանի որ այդպիսի տեղեկություններ չունի։ Նա հավելել է նաև, որ ամերիկացիներին կարող են մահապատժի դատապարտել, գրում է «Ինտերֆաքսը»։
«Խոսքը վարձկանների մասին է, որոնք սպառնացել են մեր ռուսաստանցի զինծառայողների կյանքին։ Եվ ոչ միայն մեր, այլև ԴԺՀ և ԼԺՀ զինծառայողների։ Հետևաբար, նրանք մեղադրվում են դրա համար՝ վարձկանության», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ «նրանց վրա ոչ մի կերպ չի կարող և չի տարածվում Ժնևի կոնվենցիան»։
Այն հարցին, թե արդյո՞ք այդ երկու ամերիկացիներին մահապատիժ է սպառնում, ՌԴ նախագահի մամուլի խոսնակը պատասխանել է․ «Այո, մենք ոչինչ չենք կարող բացառել, քանի որ դա դատարանի որոշումն է, և երբեք դա չենք մեկնաբանում, առավել ևս իրավունք չունենք միջամտելու դատարանի որոշմանը»։
Ավելի վաղ ինքնահռչակ ԴԺՀ ուժային կառույցներում «Ինտերֆաքսի» աղբյուրը հայտնել էր, որ Դոնբասում գերեվարված ամերիկացիները Դոնեցկի մեկուսարանում են։
Նորա Վանյան
comment.count (0)