Իլոն Մասկը հրաժարվում է 44 միլիարդ դոլարով ձեռք բերել Twitter-ը. ընկերությունը կդիմի դատարան |hetq.am|
12:58 - 09 հուլիսի, 2022

Իլոն Մասկը հրաժարվում է 44 միլիարդ դոլարով ձեռք բերել Twitter-ը. ընկերությունը կդիմի դատարան |hetq.am|

hetq.am: Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ դուրս է գալիս Twitter սոցիալական ցանցի ձեռքբերման գործարքից։ Այն գնահատվում էր 44 միլիարդ դոլար։ Ընկերությունը պատրաստվում է դատի տալ Մասկին, որպեսզի հասնի համաձայնագրի կատարման։

BBC-ն, հղում անելով Մասկի փաստաբանների դատարան ներկայացրած նյութերին, գրում է, որ ընկերությունը Մասկին չի ներկայացրել մանրամասն տեղեկատվություն ֆեյքային օգտահաշիվների մասին, որոնք առկա են հարթակում։ Մասկի կողմից գործարքից հրաժարման նորությունից հետո Twitter-ի բաժնետոմսերն ընկել են 6 %-ով։ 

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորն ի պատասխան հայտարարել է, որ ընկերությունը նախատեսում է դիմել դատարան՝ միաձուլման մասին համաձայնագրի կատարումն ապահովելու համար։ «Twitter-ի տնօրենների խորհուրդը մտադիր է փակել գնի և պայմանների շուրջ գործարքը, որը համաձայնեցվել է պարոն Մասկի հետ և նախատեսում է դիմել դատարան, որպեսզի ապահովվի միաձուլման շուրջ համաձայնագրի կատարումը։ Մենք վստահ ենք, որ հաղթանակ կտանենք Դելավերի դատարանում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թեյլորը։

Մասկի փաստաբանների հայտարարության մեջ էլ նշվում է, որ Twitter-ը չի կարողացել կամ հրաժարվել է պատասխանել բազմաթիվ հարցումներին, որոնք խնդրում էին տեղեկատվություն տրամադրել հարթակում կեղծ կամ սփամ օգտահաշիվների մասին, ինչը հիմնարար նշանակություն ունի ընկերության բիզնես արդյունավետության համար։ Փաստաբանները պնդում են, որ Twitter-ը խախտում է գործարքի դրույթները և արել է կեղծ ու շփոթության մեջ գցող հայտարարություններ, որոնց վրա հույս է դրել Մասկը՝ համաձայնագրի կնքման ժամանակ։

Ավելի վաղ, Իլոն Մասկն սպառնում էր դուրս գալ գործարքից, եթե սոցիալական ցանցի ղեկավար կազմն իրեն չապացուցի, որ ֆեյքային ու սփամ օգտահաշիվները կազմում են Twitter-ի օգտատերերի 5 %-ից ոչ ավելին։ Հունիսին ուղարկված պաշտոնական նամակում Մասկը գրում էր, որ որպես ընկերության գնորդ, իրավունք ունի ինքնուրույն գնահատել Twitter-ի օգտատերերի սփամ օգտահաշիվների թիվը։ Մասկի կողմը պնդում է, որ ընկերությունում այդպիսով խախտել են վաճառքի համաձայնագրի պայմանները։ 

Twitter ընկերությունը պնդում էր, որ սփամ օգտահաշիվների թվի մոտավոր գնահատականները ճիշտ են, սակայն, Մասկի կարծիքով, սոցիալական ցանցում կեղծ օգտահաշիվների թիվն ավելի շատ է, քան պաշտոնապես հայտարարված 5 %-ը։ Ինքը Մասկը նշում է, որ Twitter-ի օգտահաշիվների մինչև 20 %-ը կարող են կեղծ լինել։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում

Իլյուստրացիան՝ CNN-ից 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել