Twitter ընկերությունը դատի է տվել Իլոն Մասկին սոցցանցի գնումից հրաժարվելու համար
 |hetq.am|
12:19 - 13 հուլիսի, 2022

Twitter ընկերությունը դատի է տվել Իլոն Մասկին սոցցանցի գնումից հրաժարվելու համար |hetq.am|

hetq.am: Twitter ընկերությունը դատի է տվել Tesla և SpaceX ընկերության հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկին, որը հրաժարվել է 44 միլիարդ ԱՄՆ դոլարով ձեռք բերել Twitter ընկերությունը։ Այդ մասին հայտնում են The New York Times-ը և The Guardian-ը։

Դատական հայցը ներկայացվել է Դելավեր նահանգի կանցլերի դատարան։ Ինչպես հայտարարել են Twitter-ում, ընկերությունը ցանկանում է ստիպել գործարարին «կատարել իր իրավական պարտավորությունները և ստիպել ավարտին հասցնել միաձուլման գործողությունը՝ մի քանի պայմանների կատարման դեպքում»։

Ապրիլի վերջին Twitter-ն ընդունել էր Մասկի առաջարկը՝ սոցիալական ցանցը 44 միլիարդ ԱՄՆ դոլարով ձեռք բերելու համար։ Սակայն մայիսի վերջին նա հայտարարել էր, որ գործարքի հետագա շարժում չի լինի, քանի դեռ Twitter-ը չի հստակեցնի իրավիճակը կապված սոցիալական ցանցում ֆեյքային օգտահաշիվների տոկոսի հետ։ Ծառայությունը հայտարարել է, որ ֆեյքային օգտահաշիվների թիվը չի գերազանցում 5 %-ը, սակայն Մասկը կասկածում է՝ նշելով, որ այն կազմում է առնվազն 20 %։

Ընկերության կարծիքով՝ Մասկը և նրա ներկայացուցիչները «գիտակցաբար, միտումնավոր, դիտավորյալ և էականորեն խախտել են համաձայնագիրը»։ Twitter-ում նաև հայտարարել են, որ վստահ են ֆեյքային օգտահաշիվների մասով իրենց հրապարակած տվյալների վրա։

Հուլիսի 8-ին Մասկը հայտարարել էր Twitter-ի գնումից հրաժարման մասին։ Միլիարդատիրոջ փաստաբանները հայտարարել էին, որ ֆեյքային օգտահաշիվներից զատ, միլիարդատերը դժգոհ է, որ Twitter-ը հեռացրել է բարձրաստիճան ղեկավարներին և տաղանդների ներգրավման թիմի մեկ երրորդին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել