azatutyun.am: Ռուսաստանում անցած օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 33 հազար 106 դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է այս տարվա մարտի 20-ից հետո: Այդ մասին հայտնել է COVID-19 համավարակի դեմ դաշնային օպերատիվ շտաբը: Մեկ օրում հոսպիտալացվել է 3 հազար 167 հիվանդ:
Մարտ ամսվա ընթացքում նման վիճակագրություն է գրանցվել, երբ, ըստ մասնագետների, հիվանդացության ալիքը հասել է գագաթնակետին:
Այս ժամանակաշրջանում Ռուսաստանում կորոնավիրուսի թվերի աճը 7 շաբաթ շարունակ է գրանցվում:
Երեկ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն բնակիչներին կոչ է արել դիմակներ կրել և պատվաստվել:
«Ռոսպոտրեբնադզոր»-ը (սպառողների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն) պահանջել է հիվանդացության բարձր ցուցանիշով շրջաններում վերականգնել դիմակներ կրելու պահանջը:
Այսօրվա դրությամբ նոր ախտահարումների առումով առաջին տեղերում են Մոսկվան, Մոսկվայի մարզը, Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզն, ինչպես նաև Կրասնոդարի մարզը:
Անցած օրում մահացել է 63 հիվանդ, ընդհանուր հաշվով Ռուսաստանում COVID-19 հիվանդությունից պաշտոնական տվյալներով մահացել է 383 հազար 300 մարդ:
Անկախ փորձագետների համոզմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսից իրականում մահացել է ավելի քան մեկ և կես միլիոն մարդ:
comment.count (0)