Բանակին և հետախուզությանը հանձնարարվել է պատրաստվել Իրանի վերաբերյալ ցանկացած սցենարի. Իսրայելի վարչապետ
 |tert.am|
10:07 - 29 օգոստոսի, 2022

Բանակին և հետախուզությանը հանձնարարվել է պատրաստվել Իրանի վերաբերյալ ցանկացած սցենարի. Իսրայելի վարչապետ |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության բանակին և իսրայելական հետախուզությանը՝ «Մոսադ»-ին, հանձնարարվել է պատրաստվել Իրանի վերաբերյալ ցանկացած սցենարի։ Այս մասին  հայտարարել է հրեական պետության վարչապետ Յաիր Լապիդը՝ մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հնարավոր վերականգնման շուրջ ստեղծված իրավիճակը։ 

«Իսրայելի պաշտպանության ուժերը և «Մոսադ»-ը հրահանգներ են ստացել մեզնից՝ պատրաստվելու ցանկացած սցենարի, մենք պատրաստ կլինենք գործել Իսրայելի անվտանգությունը պահպանելու համար։ Սա հասկանում են ամերիկացիները, սա հասկանում է ողջ աշխարհը, սա պետք է իմանա նաև Իսրայելի հանրությունը»,- նշվում է վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Լապիդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իսրայելը դեմ է ԳՀՀԾ-ի ներկայիս տեսքով վերականգնմանը։

«Այն վատ համաձայնագիր է, այն արդեն վատն էր, երբ ստորագրվեց 2015 թվականին, այսօր դրանից բխող վտանգներն ավելի են մեծացել։ Այն մոտ է ավարտման ժամկետին, իսկ Իրանը տեխնոլոգիաների զարգացման առումով այլ վիճակում է»,- ասել է նա։

Իսրայելի վարչապետի խոսքով՝ իր երկրի գլխավոր առաջնահերթությունն ի սկզբանե եղել է իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքին դեմ հանդես գալը: 

«Մեր քաղաքական ուղղությունն առաջին իսկ օրվանից՝ պայքարել այս համաձայնագրի դեմ մեր ողջ ուժով, բայց չվնասելով ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական հարաբերություններին»,- ասել է Լապիդը։

Ուրբաթ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելն ավելի մոտ է, քան երբևէ։ Նույն օրը Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մի քանի շաբաթվա ընթացքում։

Իսրայելի իշխանությունները բազմիցս դեմ են արտահայտվել Իրանի հետ նոր գործարքին: Նա բազմիցս ընդգծել է, որ Իսրայելը Թեհրանի հետ հնարավոր համաձայնագիրը չի համարի իրավաբանորեն պարտավորեցնող և կշարունակի ամբողջ ուժով դեմ լինել Թեհրանի միջուկային ծրագրին, նույնիսկ եթե նոր գործարք կնքվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել