Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունն ընդունվեց 65 կողմ ձայնով
15:35 - 13 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունն ընդունվեց 65 կողմ ձայնով

Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Ընդդիմությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չի մասնակցել քվեարկությանը։

Հիշեցնենք, որ հայտարարությունն ԱԺ ամբիոնից ներկայացրել էր ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ ընդդիմության առաջարկները ավելացնելու մասով համաձայնության չեն եկել։

Այնուհետև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրել է խմբակցության առաջարկները, որոնք չեն ներառվել ԱԺ հայտարարության մեջ։ 

ԱԺ հայտարարությունը՝ ստորև․

«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես` հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում:
Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման սուրբ գործում: Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին` անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն եւ համախմբվել պետականության շուրջ: Մեր բոլորի հայրենիքը միասնական եւ կուռ պաշտպանության կարիք ունի:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն եւ հասցեական կերպով դատապարտել ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված` տարածքային ամբողջականության դեմ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:

ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում եւ իրավիճակից բխող գործողությունների իրականացում:

ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնված պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը:

Դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը` շուտափույթ իրագործելու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները` ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել